Հաղթելու ենք. Ջավախքը ՀՀ-ի կողքին է. Զորակցության երթ Ախալքալաքում. Տեսանյութ, լուսակարներ

Ախալքալաքում աջակցության ու զորակցության բազմամարդ հավաք է անցկացվել:

Բազմաթիվ ջավախքցիներ հավաքվել են նախ քաղաքի մարզադաշտում, ապա երթով շարժվել դեպի եկեղեցի, որտեղ աղոթք է բարձրացվել հայ զինվորի ու խաղաղության համար: Ջավախքցիները վերահաստատում են` հայի ու Հայաստանի կողքին են` թեկուզ հեռվից: Այսօր առավել քան կարևոր է միասնական լինելը: Ժողովուրդը պատրաստ է ռազմաճակատ մեկնել ու կանգնել հայրենիքի կողքին. Ստեղծված փակ սահմանների պայմաններում, երբ անհնար է ֆիզիկապես մասնակցել պայքարին, որոշել են գոնե այս կերպ օգտակար լինել, որ գոնե հեռվից զգացվի ջավախքցու աջակցությունն ու զորակցությունը. Ասում են` մեզ բախտ է վիճակվել երկու հայրենիք ունենալ, որոնցից մեկն այսօր վտանգված է ու մեր կարիքն ունի: Ջավախքն ամեն կերպ պատրաստակամ է օգտակար լինել պատմական հայրենիքին:

Այստեղից ուղարկված օգնությունն արդեն տեղ է հասել, մնացած մասն էլ ճանապարհին է: Հավաքագրվում է անհրաժեշտ ամեն ինչ` տաք հագուստ, Ջավախքի ամենահամեղ կարտոֆիլ, ալյուր, անգամ պահածոներ ու քաղցրավենիք: Զուգահեռ նաև դրամահավաք է անցկացվել: Մեծ հանգանակություն է արվել նաև Հայաստան համահայկական հիմնադրամին։ Եղել են մեծ ու փոքր փոխանցումներ` ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող ջավախքցիների կողմից:

Հեղ.` Աննա Պեչենևսկայա, Հարություն Մալխասյան

Հավաքի տեսանյութը`