Վրաստանը պատրաստվում է Agile Spirit զորավարժություններին

Վրաստանի պաշտպանական ուժերը Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարության հետ արդեն սկսել են Agile Spirit 2023 («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժությունների նախապատրաստական ​​աշխատանքները։

Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ, մեկ շաբաթ շարունակ անցկացվել է ուսումնական պլանավորման նախնական համաժողով։

Հատկանշական է, որ Agile Spirit 2023-ը կանցկացվի ամռանը։

«Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները օտարերկրյա գործընկերների հետ քննարկել են զորավարժությունների իրականացման փուլի ժամկետներն ու ուսումնական տարածքը, դրան մասնակցող երկրների ու ստորաբաժանումների ցանկը, մարտավարական մակարդակում պատրաստության նպատակներն ու խնդիրները»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՊՆ-ի տվյալներով՝ Վրաստանը 11-րդ անգամ կհյուրընկալի բազմազգ զորավարժությունը, որը կգլխավորի պաշտպանության ուժերի Արևմտյան հրամանատարությունը։