«Ապրիր, քանի դեռ ապրում ես»․ տխուր կատակերգության պրեմիերա Թբիլիսիում

«Ապրիր, քանի դեռ ապրում ես» տխուր կատակերգության պրեմիերան դրական ու ջերմ ընդունելության արժանացավ թբիլիսահայ հանդիսատեսի կողմից։

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական թատրոնի փոքր դահլիճը հունիսի 4-ին լեփ-լեցուն էր. հանդիսատեսները Վիրահայ համայնքի ներկայացուցիչներն էին, որոնք շտապել էին դիտելու Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած ներկայացման պրեմիերան։

Ղազանչյանն «Ալիք Մեդիային» պատմեց, որ պիեսը սիրո մասին է, և գլխավոր ուղերձը հանդիսատեսին վերնագիրն է՝ «Ապրիր ,քանի դեռ ապրում ես»․

«Պիեսում բախվում են տարբեր ճակատագրեր, կենսակերպեր, կան սիրային տեսարաններ, հին սիրո վերականգնում։ Կարճ ասած՝ պիեսը գրված է և ներկայացումը բեմադրված է սիրո մասին։ Գլխավոր ուղերձը, որ հղվում է հանդիսասրահին, հենց վերնագիրն է՝ «Ապրիր, քանի դեռ ապրում ես», այսինքն` երբեք ուշ չէ սիրելու համար, երբեք ուշ չէ կյանքը վայելելու համար»։

Բեմադրիչն ընդգծեց, որ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում պրեմիերային․

«Սա թատրոն է, կենդանի մարդիկ են խաղում, և միշտ կան ռիսկեր, գուցե ինչ-որ բան չստացվի։ Պատասխանատվությունը՝ ինչպես միշտ, շատ մեծ է։ Սակայն հատկանշական է, որ շատ ջանք ու եռանդ ենք ներդրել ներկայացումը բեմադրելու համար», — ասաց Ղազանչյանը։

Հայաստանյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ներկայացավ Թբիլիսիի հայկական թատերախումբը։ Թատերախմբի փորձառու դերասանուհիներից մեկը՝ Նանա Պողոսյանը, «Ալիք Մեդիայի» հետ հարցազրույցում պատմեց իր դերի մասին` նշելով, որ թատերական ներկայացման մեջ իր կերտած դերին, ինչպես և մնացած դերերին, մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում.

«Շատ ենք հուզված, ներկայացնելով այս պիեսը` մտածում ենք, թե ինչպես կընդունի հանդիսատեսը մեր նորածին մանուկին՝ նոր ներկայացումը, որի ստեղծման համար ամիսներ շարունակ աշխատել ենք», — ասաց դերասանուհին` պատմելով իր կերտած կերպարի մասին․ «Ամերիկաբնակ հայուհի է, ունի մեծերի «մանկապարտեզ», ուժեղ կին է, որն ստեղծել է իր փոքրիկ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում»։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկա պահին գտնվում է նորոգման փուլում և իր հանդիսատեսին, հավանաբար, կընդունի ընթացիկ տարվա աշնանը։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 166 տարեկան է, հիմնադրվել է 1856-ին։ Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1937-ից, իսկ մինչ այդ ներկայիս Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում էր, որտեղ գործում էր նաև վրացական թատրոնը։