Առանց վիզայի ռեժիմի վերացումը սարսափելի չէ. «Վրացական երազանք»-ը հանրային կարծիք է նախապատրաստում

«Վրացական երազանք» կուսակցության անդամները չեն բացառում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը։

«Վրացական երազանք»-ի արբանյակ, հակաարևմտյան հայտարարություններով աչքի ընկած «Ժողովրդի ուժը» կուսակցության անդամ Սոզար Սուբարին հնարավոր է համարում Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի վերացումը։ «Հնարավոր է»,- ասել է Սուբարին։

Այս թեմայով «Ռուսթավի 2»-ին տված իր հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հավանականությունը քիչ է և այդքան էլ կարևոր չէ. «Ինչ է` առանց վիզայի ճանապարհորդությունը մանանա՞ է դրախտից»:

Խորհրդարանի փոխնախագահ Նինո Ծիլոսանին էլ ավելի հեռուն է գնացել. նա հայտարարել է, որ այսօր Վրաստանի քաղաքացիները հայրենասիրական զգացմունքներից դրդված կհրաժարվեն ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից։

«Առանց վիզայի ռեժիմն իսկապես հարմարավետ է, և մենք այդ հարմարավետությունը վաստակել ենք «Վրացական երազանք»-ի կառավարման ժամանակ՝ անցնելով բոլոր այն փուլերը, որոնք սահմանել է Եվրամիությունը: Դա ոչ մեկին անվճար չի տրվել… Սակայն, եթե հարմարավետությունը բախվի հայրենասիրությանը, ապա վրաց ժողովուրդը միշտ մնացել է և կմնա իր երկրի հայրենասերը»,- գրել է Ծիլոսանին սոցիալական ցանցի իր էջում։

«Վրացական երազանք»-ում խառնաշփոթը սկսվել է առանց վիզայի ռեժիմի մոտալուտ խստացման մասին Եվրամիությունից հնչող լուրերի պատճառով:

Այս հարցը արդիական դարձավ այն բանից հետո, երբ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը հայտնեց, որ Եվրամիությունը մի քանի ամսից կընդունի օրենք, որը կհեշտացնի Բրյուսելի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցումը այն երկրների նկատմամբ, որոնք օգտվում են նման ռեժիմից։