Արևմտյան քաղաքական գործիչներն արձագանքել են մայիսի 22-ին «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությանը և պահանջել նրա անհապաղ ազատ արձակումը և Վրաստանի վերադարձը դեպի եվրոպական ապագա տանող ուղի։
Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը (ALDE), «Լիբերալ ինտերնացիոնալ»-ը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ALDE-ի քաղաքական խումբը համատեղ հայտարարություն են տարածել.
«Մենք խստորեն դատապարտում ենք Զուրաբ Գիրչի Ջափարիձեի ձերբակալությունը և այլ քաղաքական գործիչների նկատմամբ ձերբակալության սպառնալիքը»։
Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, անդրադառնալով այս խնդրին, նույնպես դատապարտել է ընդդիմադիր քաղգործչի ձերբակալությունը։
Ջափարիձեի ձերբակալությանն արձագանքել են նաև այլ արևմտյան պաշտոնյաներ, այդ թվում` Եվրախորհրդարանի անդամ Ռասա Յուկնևիչիենեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրևիչուսը, Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը և այլք։
Քաղաքական գործիչները կարծում են, որ սա ևս մեկ հանցագործություն է արդարադատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության դեմ։
Հիշեցնենք. Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն երեկ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։ Նրան ձերբակալեցին հենց դատարանի դահլիճում։