«Արևոտ գիշերվա» ավարտը. Իլիա II-ի կեսդարյա առաքելությունը

«Նա մեր եկեղեցու մեծ կառուցողն էր թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով։ Մեծ է այսօր մեր սուգը…». այս խոսքով մարտի 17-ին «Կովկասի բժշկական կենտրոն»-ի մոտ հավաքված լրագրողներին և հավատացյալներին Պատրիարքի տեղապահ, մետրոպոլիտ Շիոն հայտնեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդի մահվան մասին։

93-ամյա Պատրիարքը կլինիկա էր տեղափոխվել առավոտյան ժամը 3-ին՝ ստամոքսային արյունահոսության պատճառով։

«Ավարտվեց արևոտ գիշերը։ Սկսվում է արևոտ հավերժությունը»․ Թբիլիսիի Հովհաննես Աստվածաբան տաճարի առաջնորդ, արխիմանդրիտ Ադամի այս խոսքը տարածվեց հավատացյալների շրջանում։ Իլիա II-ն ինքն էր իր պատրիարքությունը համեմատել «արևոտ գիշերվա» հետ 2011 թվականին՝ գահակալության հոբելյանական պատարագի ժամանակ.

«Այս 34 տարիները եղել են փորձությունների, ուրախության և տրտմության տարիներ։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարելի է կոչել այս տարիները։ Ես դրանք կոչեցի արևոտ գիշեր. գիշեր էր, բայց Աստծո արևը, Աստծո շնորհը լուսավորում էր մեր ճանապարհը։ Մենք տաճարներ էինք կառուցում, հիմա էլ ենք կառուցում, բայց գլխավորը դա չէ։ Գլխավորն այն է, որ մենք Աստծո ողորմածությամբ սանդուղք կառուցեցինք երկրից երկինք, և վրաց ժողովուրդը բարձրանում է այդ սանդուղքով։ Դրա համար փառք ենք տալիս Տիրոջը»։

Իլիա Երկրորդը Վրաց Ուղղափառ Եկեղեցին գլխավորեց գրեթե կես դար՝ 49 տարի շարունակ։ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ինքնագլխության (ավտոկեֆալիայի) վերականգնումից՝ այսինքն 1917 թվականից ի վեր, Իլիա Երկրորդն ամենաերկարն է բազմել պատրիարքական գահին։ 

«Իմ կենսագրությունը շատ պարզ է, շատ հասարակ։ Ես ծնվել եմ հավատացյալ քրիստոնեական ընտանիքում։ Ես Ղուդուշաուրի եմ. սա հնագույն տոհմ է, որն ապրել է Խևիում։ Ավանդույթից գիտենք, որ 5-րդ դարում Սնո Ղուդուշաուրիին մկրտել է Վախթանգ Գորգասալի թագավորը։ Այնուհետև, 17-րդ դարի սկզբին, մեր նախնին Շիոլա Ղուդուշաուրին էր, և ես նրա սերունդն եմ։ Հայրս՝ Գիորգի Ղուդուշաուրին, ապրում էր Սնո գյուղում, մայրս ծագումով Մթիուլեթիից էր՝ ազգանունը Կոբիձե», — պատմել էր հենց ինքը՝ Իլիա II-ը։

Իլիա Երկրորդը մեծացել է բազմազավակ ընտանիքում, ուներ քույրեր ու եղբայրներ՝ Թեյմուրազը, Շոթան, Վիկտորը, Նինոն։ Նա 3 տարեկան էր, երբ մկրտվեց և ի պատիվ Էրեկլե թագավորի՝ ստացավ Իրակլի անունը։

Իլիա II-ի գրեթե կեսդարյա կառավարումն աշխարհում կրոնական առաջնորդների համար ամենաերկարներից էր։

Իրակլիի մանկությունը համընկել է 1937 թվականի բռնաճնշումներին, Երկրորդ համաշխարհային պատերազմին և կրոնի դեմ պայքարին։ 1952 թվականին դպրոցն ավարտելուց հետո, քանի որ Վրաստանում հոգևոր ուսումնական հաստատություն չկար, նա մեկնել է Ռուսաստան և ուսումը շարունակել Մոսկվայի հոգևոր ճեմարանում։

Իրակլի Շիոլաշվիլին կուսակրոնություն է ընդունել 24 տարեկանում։ Նրան ձեռնադրել է ծագումով ուկրաինացի եպիսկոպոս Զինոբին (Մաժուգա)։ Այն ժամանակ Թբիլիսիում գործել է ընդամենը մի քանի տաճար, որոնցից մեկը Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական եկեղեցին էր։

«Իմ ձեռնադրմանը ներկա չէր ոչ մի վրացի։ Այդպիսի ծանր վիճակում էր Վրաստանի եկեղեցին…», — այսպես է հիշել Պատրիարքն այն օրը, երբ իրեն շնորհել են Իլիա (Աստծո ուժ) անունը։

Իլիայից մինչև Իլիա II

1963 թվականին արխիմանդրիտ Իլիան նշանակվել է Մցխեթայի նորաբաց հոգևոր ուսումնարանի տնօրեն։ 1967-ին նա օծվել է Աբխազիայի (Ցխում-Աբխազիա) եպիսկոպոս, որտեղ ծառայել է մինչև 1977 թվականը։ 1977-ի նոյեմբերին Պատրիարք Դավիթ V-ի մահից հետո Իլիան ընտրվել է  եկեղեցու նոր առաջնորդ։

Նոր Պատրիարքը ժառանգել է ընդամենը 34 գործող եկեղեցի, 4 վանք և 80 հոգևորական։ Ինչպես նկարագրում էին այն ժամանակ՝ նա ընդունել է «պատանքով ծածկված եկեղեցի»։
30 տարի անց Վրաստանում արդեն կար 1500 գործող եկեղեցի, 140 վանք և 3200 հոգևորական։

Պայքար եկեղեցու անկախության համար

1979-ին Իլիա II-ը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ համաշխարհային պատրիարքարան, պահանջելու Վրաց Եկեղեցու ավտոկեֆալիայի ճանաչումը։ Վրաստանի եկեղեցու անկախությունը Ռուսաստանը չեղարկել էր 1811-ին։ Թեև 1917-ին անկախությունը վերականգնվել էր, համաշխարհային պատրիարքարանը դեռ չէր ճանաչել։

11 տարի անց՝ 1990 թվականին, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքարանը վերջնականապես ճանաչել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու ինքնագլխությունը։

1990-ականներից սկսած Պատրիարքի հեղինակությունը կրկնապատկվել է։ Կառուցվել է Սամեբա (Սուրբ Երրորդություն) մայր տաճարը, բացվել են հոգևոր ակադեմիաներ։

2002 թվականին պետության և եկեղեցու միջև կնքվել է սահմանադրական համաձայնագիր (Կոնկորդատ), որով ճանաչվել է  եկեղեցու բացառիկ դերը պատմության մեջ։

2008-ին Իլիա II-ը սկսել է մի նոր ավանդույթ. նա դարձել է յուրաքանչյուր ընտանիքի երրորդ և հաջորդ երեխայի կնքահայրը։ Տարիների ընթացքում նրա սաների թիվը հասել է 50 հազարի։

Իլիա II-ը միշտ ունեցել է ամենաբարձր վստահության վարկանիշը երկրում (90%-ից ավելի)։ Իր գահակալության ընթացքում նա տեսել է երկրի յոթ ղեկավարների։ Բոլորն էլ փորձել են ցույց տալ իրենց մտերմությունը Պատրիարքի հետ։

2017-ին նա իր տեղապահ նշանակեց մետրոպոլիտ Շիոյին։ Վերջին տարիներին նրա առողջությունը վատացել էր, նա դժվարությամբ էր խոսում, բայց միշտ փորձում էր գոնե մի քանի նախադասություն ասել իր լսարանին։

Իլիա II-ը վախճանվել է Մեծ Պահքի շրջանում։
Իր ուղերձներից մեկում նա ասել է.

«Մի՞թե բոլոր ժամանակներում մարդը չգիտի, որ ամեն ինչ անցողիկ է՝ երիտասարդությունն ու գեղեցկությունը, առողջությունն ու հիվանդությունը, հարստությունն ու աղքատությունը, պաշտոնն ու հենց ինքը՝ կյանքը…»։ 

Վրաստանում հայտարարված է պաշտոնական սուգ։ Սամեբա (Սուրբ Երրորդություն) մայր տաճարի մոտ հազարավոր մարդկանց հոսքը չի դադարում նույնիսկ գիշերը։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում՝ վերջին հարգանքի տուրքը մատուցելու համար։ Փողոցները լեփ-լեցուն են, իսկ տաճարի մուտքը հուղարկավորության օրը սահմանափակվելու է անցագրերով՝ հսկայական կուտակումներից խուսափելու համար։

Համաձայն կանոնակարգի, Պատրիարքի մահից հետո եկեղեցու ժամանակավոր կառավարումն անցել է նրա տեղապահին՝ Մետրոպոլիտ Շիոյին (Մուջիրի)։

Վրաստան են ժամանում բարձրաստիճան հյուրեր և տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։ Սպասվում է նաև Տիեզերական Պատրիարքի այցը։ ՄԱԿ-ը և համաշխարհային առաջնորդները ցավակցական նամակներ են հղում՝ ընդգծելով Պատրիարքի դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում։

«Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի, և թող ուրիշն անի ավելին։ Ես կարող եմ ասել ընդամենը երկու բառ՝ հավատացե՛ք և սիրե՛ք։ Եթե սա լինի Վրաստանում, Վրաստանն անպայման կփրկվի», — ասել է Իլիա II-ը։