Կոբախիձեն՝ իր վրա ռուբլիներ նետելու մասին

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դատապարտել է Թբիլիսիի պետական համալսարանում իր վրա ռուսական ռուբլիներ նետելու ուսանողների արարքը։

Նրա խոսքով, իր վրա ռուբլիներ նետած երիտասարդները կապ ունեն ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ, և «Վրացական երազանքի» խնդիրն է «շտկել նրանց բոլոր կողմնորոշումները»։

«Սա «Ֆորմուլա» հեռուստաընկերության կողմից կազմակերպված սադրանք էր։ Եկել էին «Ֆորմուլայի» հետ առնչվող երիտասարդները։ Մեր նպատակը պետք է լինի նրանց փրկելը», — ասել է նա։

Բացի այդ, Կոբախիձեն շեշտել է․ «Մի քանի օր առաջ խորհրդարանի առջև կանգնած, վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ անող այս երիտասարդների կողմնորոշումը շեղված է։ Կարծում եմ, որ նրանց պետք է ճիշտ ուղու վրա կանգնեցնել․ տղաները պետք է կին ունենան, աղջիկները ամուսնանան և այլն։ Նրանց բոլոր կողմնորոշումները՝ սկսած քաղաքականից, պետք է շտկվեն։ Սա մեր խնդիրն է»։

Նշենք, որ Թբիլիսիի պետական ​​համալսարանում Սահմանադրության մասին դասախոսություն կարդալուց հետո մի խումբ ուսանողներ լսարանի մոտ իշխող ուժի ղեկավար Իրակլի Կոբախիձեի վրա ռուսական թղթադրամներ էին նետել՝ ի նշան  «ռուսամետ քաղաքական կուրսի»։