Առողջության համընդհանուր ապահովագրությունից չեն օգտվի 6 ամիս երկրից բացակայողները

Վրաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը փոփոխվել է։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։

Որոշման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ամեն ամիս, իրականացնողը պարտավոր է կասեցնել առողջության համընդհանուր ապահովագրության պլանային ամբուլատոր ծառայության շրջանակներում շահառուների գրանցման մոդուլից այն անձանց գրանցումը, ովքեր անընդմեջ 6 ամիս կամ ավելի եղել են երկրից դուրս։

Որոշման մեջ նաև նշված է, որ շահառուի վերագրանցումը կիրականացվի Վրաստանի կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N36 որոշմամբ հաստատված «Առողջության համընդհանուր ապահովագրությանն անցնելու նպատակով որոշակի միջոցառումների մասին» ծրագրի 23-րդ հոդվածի 4-րդ կետում նշված պայմաններին համապատասխան։

Այսինքն՝ ծրագրին մասնակցող բժշկական հաստատությունները պետք է գրանցեն ծրագրի շահառուներին միայն շահառուի համաձայնության հիման վրա, որը պետք է հաստատվի շահառուի կամ անչափահասի դեպքում նրա օրինական ներկայացուցչի ստորագրությամբ։

Որոշման մեջ նաև նշված է, որ շահառուների գրանցման կարգավիճակը ստուգելու լրացուցիչ չափանիշները պետք է հաստատվեն նախարարի հրամանով մինչև 2026 թվականի հունիսի 1-ը։