Արթուր Միրզոյանը հուսով է, որ իրեն ծեծողները կպատժվեն

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը, որին 3 օր առաջ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել, տեղեկացնում է, որ նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ։ Միրզոյանն ասում է, որ այս պահին նաև նպատակահարմար չի համարում այդ հարցի վրա կենտրոնանալը, քանի որ զբաղված է Հայոց Մեծ Եղեռնի հետ կապված միջոցառումների անցկացմամբ, սակայն հույս ունի, որ հարձակվողները կհայտնաբերվեն ու կպատժվեն։

Միրզոյանը ջահերով երթին մասնակցում էր վիրակապած ձեռքով, իսկ երթից հետո տեղափոխվել էր հիվանդանոց ոտքի վնասվածքի բարդացման պատճառով:

«Երեք հոգի էին, երեքն էլ դիմակավորված, երկու հոգին հենց հարձակվեցին` 3-րդն սկսեց նկարահանել։ Ժամանակ անց դեպքի վայր ժամանեցին շտապ օգնության մեքենաները, ստուգեցին, թե ինչ վնասվածքներ եմ ստացել, հետո ոստիկանության մեքենայով գնացինք բաժին, մինչև գիշերվա 3-ը մնացինք այնտեղ, հաջորդ օրը նորից գնացի հիվանդանոց, ասացին` կոտրվածք չկա, բայց երբ ընկել էի գետնին, բավականին ուժեղ հարվածում էին մեջքիս, գլխիս ու փորիս», — պատմում է ՀԿ-ի նախագահը։

Թե ինչ ազգության էին պատկանում այդ մարդիկ, Միրզոյանը դժվարանում է ասել, բայց խոսելաոճից ենթադրում է, որ թբիլիսցիներ էին։ Նաև հավելում է. «Չեմ բացառում, որ հարձակումը կարող է լինել թուրքական կամ ադրբեջանական պատվեր»։

«Ամեն դեպքում չեմ կարող բացահայտ մեղադրել` մինչև հստակ չիմանամ. անցյալ տարի երթի ժամանակ նրանց կողմից երթին խոչընդոտելու դեպքերի ականատես եղանք, հետևաբար չի բացառվում, որ այս դեպքն էլ լինի նրանց կազմակերպածը»։

Խնդիրների և մարտահրավերների հետ կապված` Միրզոյանն ընդգծեց․ «2016 թվականից ի վեր խոչընդոտներ եղել են, փորձել են խանգարել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացմանը, բայց Վրաստանի օրենսդրությունից ելնելով և մեր իրավունքները լավ իմանալով հաղթահարել ենք այդ  դժվարությունները։ Այս տարի էլ իրավապահ մարմինները սկզբում խնդրեցին  չանցկացնել ցուցահանդեսները քաղաքի կենտրոնում և ցուցահանդեսների թիվը պակասեցնել։ Հատկապես չէինք կարողանում համաձայնեցնել խորհրդարանի դիմաց ցուցահանդեսի անցկացումը, սակայն հետո կարողացանք, և զգալի թվով հետաքրքրվողներ եղան»։

Հարցին, թե արդյոք հետաքրքվե՞լ են այլ մարմինները, այդ թվում` Վրաստանի նորանշանակ հանրային պաշտպանը, Արթուր Միրզոյանը պատասխանեց․

«Օմբուդսմենը չի արձագանքել, վրացական մամուլը գրել էր, բայց արդյո՞ք պարտադիր պետք է ծեծի ենթարկեն, որ նոր անդրադառնան։ Արդեն ամիսներ շարունակ 120 հազար մարդ Արցախում շրջափակման մեջ է գտնվում, մենք նաև դիմել էինք ԶԼՄ-ներին, սակայն նրանք չէին անդրադարձել»։

Զրույցի վերջում Միրզոյանը հավելեց․ «Բացի այդ, փորձում են խաղալ իմ անվան հետ, ժողովրդին տրամադրել իմ դեմ, սոցցանցերում հայերեն, ռուսերեն և վրացերեն մեկնաբանություններ են գրում. հույս ունեմ` իրավապահ մարմինները կգտնեն և կպատժեն իրական մեղավորներին»։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի երեկոյան «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանին Թբիլիսիում ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք:

Միրզոյանը դեպքից անմիջապես հետո տեսանյութ է տարածել՝ պատմելով պատահարի մասին: Նրա խոսքով, գրասենյակից տուն գնալու ճանապարհին իր վրա հարձակվել են դիմակավորված երեք հոգի, ծեծի ենթարկել ու հեռախոսով նկարել:

«Նրանցից մեկը հեռախոսով նկարում էր, երկուսը մոտեցան ինձ՝ համոզվելու համար, որ Արթուրն եմ: Փորձեցի հեռանալ, բայց հարձակվեցին, ընկա գետնին, հարվածեցին մարմնիս, գլխիս, մի քանի տեղ վնասվածքներ ունեմ»,- պատմել է Արթուր Միրզոյանն ու հավելել, որ աղմուկից հետո անհայտ անձինք կոտրել են իր հեռախոսը, պատռել հագուստը և փախել դեպքի վայրից: