Ավտոտրանսպորտային պատժամիջոցների խստացում մայիսի 1-ից

Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է Ներքին գործերի նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատժամիջոցների զգալի խստացում։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից։

Փոփոխությունները կատարվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»։ Օրինագծի հեղինակների պարզաբանմամբ՝ գործող պատժամիջոցներն այլևս չէին կարողանում դիմագրավել աճող շարժունակության և ավտոմեքենաների քանակի պայմաններում առկա մարտահրավերներին։

Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում ճանապարհային անվտանգությունը մնում է օրհասական խնդիր։ Միայն 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 469 մարդ, իսկ 8191 անձ ստացել է առողջական տարբեր ծանրության վնասվածքներ։ Հենց այս տվյալների համալիր վերլուծության հիման վրա է որոշվել խստացնել կանոնակարգերը։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կավելանան ինչպես դրամական տուգանքները, այնպես էլ վարորդական իրավունքի վկայականից հանվող միավորների քանակը.

  • Մանևրի կանոնների խախտում. տուգանքը կբարձրանա մինչև 100 լարի, իսկ վարորդական վկայականից կպակասեցվի 20 միավոր;
  • Արագության գերազանցում (15-ից 40 կմ/ժ). պատժամիջոցը 50-ից կդառնա 100 լարի։
  • Ամրագոտի և բջջային հեռախոս. ամրագոտի չօգտագործելու համար տուգանքը կդառնա 50 լարի (-10 միավոր)։ Նույնքան տուգանք (50 լարի) է սահմանվել վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար;
  • Մայթով երթևեկում և կայանում. մայթով երթևեկելու համար վարորդը կտուգանվի 200 լարի և կկորցնի 30 միավոր։ Մայթին կամ հետիոտնային անցման վրա կանգնելը կամ կայանելը մեծ քաղաքներում և առողջարաններում կտուգանվի 100 լարի (այլուր՝ 10 լարի);
  • Դրիֆտ. «դրիֆտի» համար, որին կհաջորդի գույքի կամ մարդու թեթև վնասվածք, 500 լարի տուգանքի հետ մեկտեղ վարորդի իրավունքը կկասեցվի 6 ամսով;
  • Կանգառ-կայանման կանոնների խախտում. Թբիլիսիի նման 50 լարի տուգանք կսահմանվի Քութաիսիում, Բաթումիում, Մցխեթայում, Ռուսթավիում, Գորիում, Թելավիում, Փոթիում, Զուգդիդիում, Ախալցիխեում, Օզուրգեթիում և Վրաստանի առողջարաններում։ Կխստացվեն պատժամիջոցները «բասլեյնով» (ավտոբուսի գիծ) երթևեկելու համար;
  • Ավտոբուսի գծով երթևեկում. 100 լարի և -15 միավոր (կրկնվելու դեպքում՝ 150 լարի և -30 միավոր);
  • Հակադիր ուղղության «բասլեյն» մտնելը. 200 լարի և -20 միավոր (կրկնվելու դեպքում՝ 300 լարի և -30 միավոր)։

Օրենսդրության մեջ ավելացել է նոր նշան՝ «Կանգառն արգելված է հրշեջ հիդրանտի մոտ» (հրշեջ հիդրանտը այն հատուկ ջրատար սարքն է (սովորաբար մայթերին տեղադրված կարմիր կամ կապույտ գույնի փոքր սյուն), որին հրշեջ մեքենաները միացնում են իրենց խողովակները հրդեհի ժամանակ ջուր վերցնելու համար)։ Կանոնի խախտումը կհանգեցնի 200 լարի տուգանքի և հնարավոր է՝ ավտոմեքենայի տեղափոխում տուգանային հրապարակ։
Թբիլիսիում նաև 500 լարի տուգանք կսահմանվի այն բեռնատարների համար (N2, N3 կատեգորիա), որոնք մայրաքաղաքը կհատեն տրանզիտով՝ առանց համապատասխան իրավունքի։