Դատարանի այսօրվա որոշումը ևս մեկ անգամ հաստատել է՝ երկիրը դարձել է ոչ ազատ մարդկանց ագլոմերացիա. Գաբունիա

Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուսատընկերության փոխտնօրեն Գիորգի Գաբունիան «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ իրենք շարունակելու են պայքարը։

Գաբունիայի խոսքով՝ դատարանի այսօրվա որոշումը ևս մեկ անգամ հաստատել է, որ երկիրը դարձել է ոչ ազատ մարդկանց ագլոմերացիա:

«Ցավոք սրտի, մեր դատարանից նման որոշումը սպասելի էր։ Այսօր նորից հաստատվեց ու հայտնի դարձավ, որ մենք պետություն չունենք։ Մեր երկիրը, ցավոք, դարձել է բռնության սպառնալիքի տակ գտնվող ոչ ազատ մարդկանց ագլոմերացիա, որոնք պարզապես հայտնվել են մի տարածքում»,- ասել Գիորգի Գաբունիան։

Ըստ Գաբունիայի՝ պայքարը կշարունակվի, և այն չի լինի միայն Նիկա Գվարամիայի ազատության համար.

«Մենք շարունակում ենք պայքարել ավելի քան երբևէ, քանի որ հիմա ևս մեկ շատ մեծ պատճառ ունենք ազատության համար մինչև վերջ պայքարելու:

Այս պայքարը, միանշանակ, կշարունակվի, հեշտ չի լինելու, բայց «Մթավարի արխին» կշարունակի բնականոն գործել»:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց։

Կարդացեք նաև՝

Ընդդիմադիր հեռուստաընկերության հիմնադիրը դատապարտվեց 3,5 տարի ազատազրկման