Վերապատրաստման ծրագիր՝ Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ՀՀ ԿԳՄՍՆ) 2022թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ հիբրիդ (համակցված) ձևաչափով: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Վերապատրաստման առկա փուլը կանցկացվի 2022թ. հուլիսին՝ միայն մշակութային խմբակների մանկավարժների և մշակութաբանական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:

Վերապատրաստումը հեռավար ձևաչափով կանցկացվի 2022թ. հուլիս-օգոստոս ամիսներին:

Վերապատրաստումն ընթանալու է ըստ դպրոցների տեսակների և դասավանդող առարկաների առանձնացված ուսումնական խմբերով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:

Ուսումնական խմբերի, ուսումնական պլանների և վերապատրաստող կազմակերպության, հայտերը ներկայացնելու մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ՝ համաձայն սույն ժամանակացույցի.

Ուսումնական խմբերի և դրանց ուսումնական պլանների մասին տեղեկատվություն՝ ս․թ․ ապրիլի 20-26,

Առկա վերապատրաստման անցկացման ժամկետի, պայմանների, մասնակցության հայտի ու դիմելու ժամկետի մասին տեղեկատվություն՝ ս․թ․ մայիսի 23-հունիսի 3,

Հեռավար վերապատրաստման անցկացման ժամկետի, պայմանների, մասնակցության հայտի, դիմելու ժամկետի մասին տեղեկատվություն՝ ս․թ․ հունիսի 27-հուլիսի 4։

Տեղեկությունները հասանելի կլինեն ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ www.escs.am:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժին։