Այսօր տեղի կունենա Վրաստանի ընդդիմության և իշխանության 3-րդ հանդիպումը

Վրաստանի իշխող կուսակցության և ընդդիմության առաջնորդներն այսօր ժամը 12:00-ին արդեն երրորդ անգամ կհանդիպեն:

Դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ դեկտեմբերի 8-ին Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները երկրորդ հանդիպմանը որոշ համաձայնության հասան: Խոսքը վերաբերում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ընդդիմության առաջարկած բազմամանդատ ընտրական շրջանների ստեղծմանը:

Այսօրվա հանդիպմանը կողմերը հենց այս առաջարկի վերաբերյալ քննարկում կանցկացնեն:  Իշխող կուսակցությունը դեկտեմբերի 9-ին անցկացրեց նիստ, որի ընթացքում, ըստ կուսակցության պատգամավորների, քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ընդդիմության առաջարկությունը:

Հիշեցնենք՝ ընդդիմության և իշխող կուսակցության միջև առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին, որն ավարտվեց անարդյունք: