Այսօր Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյակն է

Այսօր լրանում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյակը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են առաջին նախագահի շիրիմին և ծաղիկներ խոնարհել:

Վարչապետը խոսել է Զվիադ Գամսախուրդիայի մասին, և նշել որ խոնարհվում է նրա առաջ, քանի որ նրա ներդրումը Վրաստանի բազմադարյա պատմության մեջ անգնահատելի է:

Խոսելով առաջին նախագահի մասին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ամոթալի է համարել, որ այսքան տարի հավուր պատշաճի չի հետաքննվել  Գամսախուրդիայի մահվան գործը և ավարտին չի հասցվել այն:

Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հղել Գամսախուրդիայի 80 ամյակի կապակցությամբ և նշել, որ առաջին նախագահի նախաձեռնությամբ անցկացված հանրաքվեն մեծ զենք է, որին ռուսական օկուպացիան չի կարող դիմակայել:

Զվիադ Գամսախուրդիան ծնվել է 1939 թվականի մարտի 31-ին: Նա ազգային ազատագրական շարժման առաջնորդներից էր: Նրա անվան հետ է կապվում Վրաստանի անկախության վերականգնումը: 1990 թվականի նոյեմբերի 14-ին անցկացրած առաջին նիստում Վրաստանի նորընտիր գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Զվիադ Գամսախուրդիան: 1991 թվականի ապրիլի 9-ին, 1991 թվականի մարտի 31-ին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ հայտարարում է Վրաստանի պետականության անկախության վերականգնման մասին:

Զվիադ Գամսախուրդիան Վրաստանի նախագահ է ընտրվել 1991 թվականի գարնանը, ապա 1992 թվականին երկրից արտաքսվել է ռազմական հեղաշրջման հետևանքով: Վրաստանի առաջին նախագահը 1993 թվականի դեկտեմբերի 31-ին սպանվել է Խոբիի շրջանի Խիբուլա գյուղում: Սպանության գործն առ այսօր բացահայտված չէ: