Պուտինի պատկերով շոկոլադները չեն հասնի Վրաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով շոկոլադները չեն հասնի Վրաստան։

Թբիլիսիում գործող ռուս-վրացական երիտասարդական միությունը վերջնականապես հրաժարվել է Պուտինի նկարով շոկոլադներ ներկրելու գաղափարից։ «Ալիք մեդիայի» հետ զրույցում միության ղեկավար Իրակլի Կղիփիանին նշում է, որ ինքը ռուսական հրուշակեղենը Վրաստան հասցնելու մտադրություն ուներ դեռ երեք տարի առաջ։

«Ուզում էինք, որ ընդհանրապես ռուսական հրուշակեղեն՝ շոկոլադներ ու տարբեր կոնֆետներ բերել ու բաժանել երեխաներին, տարբեր հաստատություններում, բայց այդ ընթացքում փակվեց Լարսը, մեր ծրագիրն էլ չհաջողվեց իրականացնել»,- ասում է Կղիփիանին, որ Վրաստանում հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ։

Պուտինի դիմանկարով շոկոլադներ ներմուծելու հարցը, սակայն, ավելի բարդ դուրս եկավ։

«Նախ հասարակության բուռն արձագանքը, քննադատությունները։ Բացի այդ, լուրը տարածվելուց հետո ինձ զանգեցին պետական մարմիններից՝ պահանջելով դադարեցնել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, քանի որ դա կընկալվեր որպես ռուսական քարոզչություն, կվնասեր երկրի անվտանգությանը», — ասում է Կղիփիանին՝ նշելով, որ նման արձագանքից հետո վերջնականապես հրաժարվեց մտադրությունից։

Կղիփիանին նշում է նաև, որ մյուս կողմից էլ ընդդիմությունը թեժացրեց դժգոհությունը․ «Նրանք հայտարարում են, թե Կրեմլն են ուզում գրավել, բայց ընդամենը նկարից վախեցան։ Սա նաև ընդդիմության սադրանքի արդյունքն էր»:

Ռուս-վրացական երիտասարդական միության ղեկավարը նկատում է՝ ինքը սադրիչ չէ, դրա համար էլ հետ կանգնեց բուռն արձագանքի արժանացած նպատակից։

«Դա ընդամենը շոկոլադ է, ուրիշ ոչինչ: Կբերեինք, մարդիկ կգնեին, կուտեին, մի քիչ կկատակեինք, կուրախանայինք․․․», — ափսոսանքով նշում է նա:

Կղիփիանիի նախաձեռնությանն անդրադառնալով վրացական լրատվամիջոցները, նկատել էին, որ նա ռուսական հրուշակեղենի միջոցով Վրաստանում Պուտինի քարոզչությունն է փորձում իրականացնել։

Քաղաքական գործիչների մի ստվար հատված ևս քննադատել է այդ նախաձեռնությունը՝ համարելով, որ Կրեմլը բավականին մեծ ուժ է ներդրել իր ազդեցությունը Վրաստանում հաստատելու համար։

«Անընդունելի է, որ Վրաստանում նման շոկոլոդներ հայտնվեն մի երկրի ղեկավարի նկարներով, որը օկուպացրել է մեր տարածքները։ Պուտինի պատկերով շոկոլադը դա կոմիկական ժանրից է», — ասել էր իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավոր, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Սոֆո Կիլաձեն։

Քաղաքագետ Նիկա Չիտաձեն կարծում է, որ «դա վիրավորենք ու ծաղրանք կլիներ Վրաստան պետության ու նրա քաղաքացիների հանդեպ»։

Հատկանշական է, որ այսօր Ռուսաստանում Պուտինի նկարով տարբեր տեսակի («նուրբ», «դառը», «բարի» գրություններով) շոկոլոդների կողքին Ռուսաստանում վաճառվում են նաև երկիրն արդեն երկու տասնամյակ ղեկավարող Պուտինի պատկերով օծանելիքներ, օճառներ,  շապիկներ, օրացույցներ և այլն։ Ռուսաստանում իրարամերժ կարծիքներ կան, ոմանք նշում են՝ «դառը շոկոլադը խոսում է դառը իրականության՝ կայսրության շարունակականության մասին»։