Այսօր Վրաստանում նշում են ժողովրդական տոն՝ Բեդոբան (Բեդի- հայերեն՝ ճակատագիր)։
Բեդոբան կրոնական տոն չէ․ այն միստիկական բովանդակություն ունեցող ժողովրդական ավանդույթ է։ Այս ավանդույթը դարավոր պատմություն ունի։ Հին ժամանակներում հավատում էին, որ ինչպես կդիմավորեն այդ օրը, այնպես էլ կանցնի ամբողջ տարին։ Այդ պատճառով այս օրը մինչ օրս մարդիկ միմյանց շնորհավորում են և փորձում են ուրախ անցկացնել։
Ավանդույթը հետևյալն է․ ընտանիքը ընտրում է մի երջանիկ մարդու, որի «ոտքից» կախված է գալիք տարվա բարեկեցությունը։
Հյուրը գալիս է՝ իր հետ բերելով որևէ քաղցրավենիք, տուն մտնելիս ասում է․
«Ոտքը իմն է, հետքը՝ հրեշտակինը», ապա օրհնում։ Նրան սեղան են բացում, հյուրասիրում, իսկ հետո ճանապարհում՝ կրկին քաղցրավենիք տալով։
Այս օրը ընտանիքները ոչինչ չեն վերցնում պարտքով և ոչ էլ տալիս, քանի որ փոխառությունը, ընտանիքի իրերը ժամանակավորապես տալը կապվում էին հիասթափության և խաբեության հետ։
Վրաստանում Բեդոբան նշվում է երեք անգամ։ Առաջին Բեդոբան կապված է Բարբարոբայի հետ։ Այս օրը տարբեր տարածաշրջաններում թխում են ընկույզով քաղցր գաթաներ և լոբիով հացեր, որոնք բաժանում էին երեխաներին։