Վրաց լեզվի ուսուցչուհին՝ հայաբնակ գյուղում. հաջողության պատմություն

Վրաստանում «Դասավանդի՛ր Վրաստանի համար» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից։ Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցում-ուսուցման գործընթացը՝ ներգրավելով որակյալ կադրեր և ապահովել հավասար հնարավորություններ Վրաստանի լեռնային շրջանների և ցածրադիր վայրերի հեռավոր հանրակրթական դպրոցներում կրթության համար։

Վրաստանում՝ ազգային փոքրամասնություններին ինտեգրելու նպատակով հանրակրթական դպրոցներ են ուղարկվում կոնսուլտանտ-ուսուցիչներ, որոնք օգնում են տվյալ դպրոցի աշակերտներին ինտեգրվել վրաց մշակույթին, ինչու ոչ՝ հետագայում բարձրագույն կրթություն ստանալ և ծառայել Վրաստանին:

«Ալիք մեդիան» իր հաջողության պատմություն շարքում այս անգամ ընդգրկել է Մառնեուլի շրջանի հայաբնակ Դամիա գյուղի դպրոցի կոնսուլտանտ-ուսուցչուհի Մզիա Գունիային:

Մզիա Գունիան ծնվել է 1977 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Գուդաութա քաղաքում։

Սովորել է Գուդաութայի ​​Իլիա Ճավճվաձեի անվան 3-րդ միջնակարգ դպրոցում։ 1992 թվականին Աբխազիայում ռազմական գործողությունների պատճառով ընտանիքի հետ թողել է տունը և տեղափոխվել Թելավիի մունիցիպալիտետի Կոնդոլի գյուղ, այստեղ էլ ավարտել է դպրոցը։ 

2001-2008 թվականներին աշխատել է Թելավիի մունիցիպալիտետի Կարաջալա գյուղի հանրակրթական դպրոցում որպես վրացերենի ուսուցիչ:

2015 թվականից աշխատում է Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնում. կոնսուլտանտ-ուսուցիչ է:

Տարբեր տարիներին գործուղվել է Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցներ՝ վրացերենը, որպես երկրորդ լեզվի ուսուցիչ:

2015-2016 թվականներին «Վրացերենը հանուն ապագա հաջողության» ծրագրի շրջանակներում աշխատել է որպես օգնական ուսուցիչ՝ Կիրիխլոյի ադրբեջանական դպրոցում:

2016-2018 թվականներին շարունակել է աշխատանքը Մառնեուլիի մունիցիպալիտետի  Աղքյորփի գյուղի հանրակրթական դպրոցում, իսկ 2018 թվականից արդեն աշխատում է նույն շրջանի Դամիա գյուղի հանրային դպրոցում:

Մզիան դպրոցում սկսել է աշխատել 24 տարեկանից։ Դպրոցն արդեն 14 տարի է նրա երկրորդ տունն է, և ինչպես ինքն է նշում՝ երբեք չի զղջացել այս որոշման համար:

«Ուսուցիչ աշխատելն իմ մանկության երազանքն էր, վրացերենի ուսուցչուհի դառնալս իմ վրացերենի ուսուցչուհի Գուլի Վեկուայի վաստակն է, ես շատ էի սիրում նրա դասերը», — նշում է Մզիան և միևնույն ժամանակ ընդգծում, որ դպրոցում աշխատելը հեշտ չէ:

Մզիան նաև շեշտում է, որ  ուսուցիչը պետք է զգույշ լինի աշակերտների հետ վարվելիս, քանի որ նույնիսկ մեկ սխալ քայլը կարող է արմատապես փոխել երեխայի տրամադրությունը՝ ստեղծելով կարծրատիպեր, որոնք պետք է կոտրվեն ողջ կյանքի ընթացքում։ 

«Ուսուցիչը կարող է փոխել աշակերտի կյանքը, գլխավորը նրան ճիշտ ուղղություն տալն է։ Ինձ դուր են գալիս իմ աշակերտների հետ ունեցած հարաբերությունները: Այնքան մաքուր ջերմություն և անձնուրաց սեր կա այստեղ», — անկեղծանում է Մզիան:

Խոսելով կյանքի ձեռքբերումների մասին Մզիան ասում է. ես 2016 թվականից ավագ ուսուցիչ եմ, իսկ 2021 թվականից՝ առաջատար ուսուցիչ, սակայն, իմ մասնագիտության մեջ և կյանքում ամենամեծ ձեռքբերումը համարում եմ իմ սաների հաջողությունները։ Այսքան երջանկություն, ուրախություն և հպարտություն ապրելը, այն բանից, որ աշակերտը մի քայլ առաջ է անում, կարծում եմ, անգնահատելի է բոլոր ուսուցիչների համար:

Մզիային սիրում և հարգում են դպրոցի բոլոր աշխատակիցները, աշակերտները: Նա չի սահմանափակվում միայն դասերով, աշակերտներին ներգրավում է տարբեր նախագծերում, որտեղ նրանք բավականին հաջողություններ են գրանցում:

«Ընկեր Մզիան մեզ շատ հարցերում է օգնել, մեզ անընդհատ մրցման մեջ է պահում, մենք նրա շնորհիվ տարբեր մրցույթների ենք մասնակցել, ինչու չէ նաև հաղթել։ Նա դասերով չի սահմանափակվում, դասերից հետո հավաքվում ենք գյուղի ակումբում ու վրացական ժողովրդական պարեր և երգեր ենք սովորում՝ միջոցառումների ժամանակ օգտագործում», — անկեղծանում է դպրոցի աշակերտուհիներից Մերի Միսկարյանը:

Մզիան տարբերվում է իր՝ աշակերտների հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրով ու մարդկային տեսակով: Նա աշակերտների հետ շփվում է ամենաընկերական մթնոլորտում՝ նրանց տալով ազատ մթնոլորտում ստեղծագործելու հնարավորություն:

«Ընկեր Մզիան մեր հաջողությունների հիմնադիրն է: Ընկեր Մզիան ջանասիրաբար է աշխատում, ամեն մի մանրուք հաշվի է առնում, ցանկանում է, որ սովորենք ամենալավն ու ամենաընտիրը: Մի խոսքով ընկեր Մզիան իմ դպրոցական կյանքի ամենամեծ ձեռքբերումն է», — ասում է դպրոցի աշակերտուհիներից Աստղիկ Խաչատրյանը:

«Նկատելի կերպով առաջընթաց ունենք վրաց լեզվի բնագավառում», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Թամարա Սարգսյանը:

Ըստ Թամարայի՝ Մզիայի շնորհիվ բարձրացել է իրենց առաջադիմությունը մրցույթներում և տարբեր միջոցառումներում։ Աշակերտներին դուր է գալիս նրա անսահման հանդուրժողականությունն ու նվիրվածությունը։

«Մեր ուսուցչուհու գալուց հետո իմ սերը ավելի ու ավելի ամրացավ վրաց լեզվի հանդեպ, և սկսեցի ավելիին ձգտել ուսման մեջ։ Ընկեր Մզիան սովորեցրել է ինձ դառնալ նպատակասլաց և համարձակ», — ասում է Թամարան:

Մզիան բազմաթիվ ուսումնական նախագծերի ու միջոցառումների հեղինակ է, որոնք իրենց ձևաչափով Դամիայի դպրոցում աննախադեպ են:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր