Աբխազիայում վերլուծում են Մոսկվային «չսադրելու» Թբիլիսիի քաղաքականությունը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի նախկին արտգործնախարար, ներկայումս Աբխազիայի նախագահի վարչակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վյաչեսլավ Չիրիկբան «Ժամանակակից աշխարհում Աբխազիայի մարտահրավերներն ու սպառնալիքները» զեկույցում խոսել է «Թբիլիսիից եկող ռիսկերի» մասին:

Զեկույցում նշվում է, որ Աբխազիայի համար ամենամեծ հնարավոր ապակայունացնող գործոնը Վրաստանի հետ չկարգավորված հակամարտությունն է, որը չի ավարտվել 2008 թվականին։

Նրա խոսքով, Վրաստանի գլխավոր նպատակը մնում է Աբխազիայի վերահսկումը և վրացի հարկադիր վերաբնակներին Աբխազիա վերադարձնելը։

Բացի այդ, Չիրիկբան մեջբերում է վրացի ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե ինչու Վրաստանի իշխանությունները չմիացան Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ ամեն կերպ խույս տալով երկրորդ ճակատ բացվելու հնարավորությունից.

«Ուկրաինացի քաղաքական գործիչները վրացական կառավարությանը դրդում էին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել՝ օգտվելով իրավիճակից վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան, սակայն Թբիլիսիի ներկայացուցիչները կտրուկ արձագանքեցին Կիևի կոչերին, որ դա չեն անի։

Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում Վրաստանի պահվածքը միտված է Ռուսաստանին չսադրելուն»։

Ըստ նախկին ԱԳ նախարարի, փորձից ելնելով, Թբիլիսիին չի կարելի լիովին վստահել, ուստի  Աբխազիան միշտ պետք է պատրաստ լինի վտանգի, և այդ հարցում աբխազներին կօգնի Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանումը։