Այսօրվանից Վրաստանում ժամանակավորապես մեղմացվում է սահմանափակումների մի մասը

Այսօրվանից՝ դեկտեմբերի 24-ից, Վրաստանում ժամանակավորապես մեղմանում է նոյեմբերի 28-ից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ընդունված սահմանափակումները:

Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ Վրաստանի 8 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիսում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում այսօրվանից մինչև հունվարի 2-ը ներառյալ աշխատելու իրավունք կստանան առևտրի կենտրոնները, սակայն հատուկ կանոնների պահպանմամբ, մասնավորապես՝

  • Խանութների աշխատանքային ժամ կսահմանվի առավոտյան 07:00-ից 19:00-ը,
  • Սպառողների այցն ու մուտքը, ինչպես նաև հերթը առևտրի կենտրոններում խստիվ կվերահսկվի,
  • Խանութի ամեն 20 քառ/մ-ում կգտնվի 1 հաճախորդ,
  • Հերթերի կառավարում կլինի ինչպես խանութների դրսի, այնպես էլ ներսի հատվածներում,
  • Զեղչերը կհայտարարվեն առավոտյան ժամերին, կամ  առցանց վաճառքների դեպքում,
  • Չեն աշխատի հագուստի խանութների հանդերձարանները,
  • Հագուստի խանութները պետք է թույլ տան հաճախորդներին վերադարձնել ձեռք բերված ապրանքը՝ մեկ ամվա ընթացքում, ու սա պետք է տեղի ունենա փետրվարի մեկից սկսած,
  • Առևտրի կենտրոններում արգելվում է սննդի կետերի գործունեությունը, այդ թվում՝ «տուն տանելու» ծառայությունից օգտվելը,
  • Բոլոր տարածքներում խանութների մուտքի մոտ խստիվ կպահպանվի սոցիալական հեռավորությունը, դիմակ կրելու կանոնակարգը։

Դեկտեմբերի 24-ից, ըստ կառավարության երկամսյա ծրագրի պետք է տեղի ունենար նաև այլ սահմանափակումների մեղմացում, սակայն համաճարակային իրավիճակից ելնելով որոշ սահմանափակումներ մնացին ուժի մեջ, մասնավորապես՝

  • Ուժի մեջ է մնում հանրային տրանսպորտի գործունեության սահմանափակումը Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում ու Թելավիում: Ամանորյա տոներին տրանսպորտ չի լինի՝
  • Ուժի մեջ կմնա նաև միջքաղաքային տրանսպորտի գործունեության սահմանափակումը ողջ երկրի մասշտաբով: Կշարունակի թույլատրելի մնալ անձնական մեքենաներով ու տաքսիներով տեղաշարժը։
  • Շուկաները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել պահպանելով բոլոր կարգավորումները։
  • Ուժի մեջ է մնում տեղաշարժի սահմանափակումը երկրի ողջ մասշտաբով ժամը 21:00-ից մինչև 05:00-ն, ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների համար: Բացառություն կլինի ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը, ինչպես նաև Սուրբ ծննդի՝ հունվարի 6-ի լույս հունվարի 7 -ի գիշերը: