Եվրոպական ժողովրդավարական ընտրությունների հարթակը (EPDE) բացահայտել է 29 կեղծ դիտորդի հոկտեմբերի 4-ին կայացած Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք, ըստ աղբյուրի՝ օգնել են իշխանություններին օրինականացնել գործընթացը։
Ըստ EPDE-ի՝ կեղծ դիտորդների հայտարարությունները համակարգվել են ընտրական գործընթացին աջակցելու, արևմտյան ինստիտուտներից և լրատվամիջոցներից քննադատությունը շեղելու համար։
Ըստ Եվրոպական ժողովրդավարական ընտրությունների հարթակի՝ կեղծ դիտորդները հիմնականում Եվրոպայից են, մեծ մասը` Հունգարիայից և Ֆրանսիայից։
EPDE-ն նշել է, որ այդպիսով Վրաստանը հետևում է այնպիսի երկրների օրինակին, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, որտեղ նմանատիպ պրակտիկա է հաստատվել վաղուց։
«Մենք բացահայտել ենք 29 կեղծ դիտորդների, որոնք օգնել են Վրաստանի իշխանություններին օրինականացնել 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կեղծ դիտորդներ է հրավիրել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր երկրորդ անգամ։ Սա ենթադրում է, որ Վրաստանն այժմ հետևում է այնպիսի երկրների օրինակին, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, որոնք այս պրակտիկան հաստատել են մի քանի տարի շարունակ։ Վրաստանյան դիտորդական կազմակերպությունները չեն հետևել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ նշելով, որ հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը, ընտրական օրենսդրության կայունությունը և ընթացակարգային երաշխիքների գոյությունը մեծապես բացակայում են։
EPDE-ի գնահատմամբ՝ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ չեն կարող անցկացվել այս պայմաններում։
Իրական դիտորդների բացակայության պայմաններում քաղաքականապես կողմնակալ «կեղծ դիտորդները» լրացրել են բացը», — ասված է հայտարարության մեջ։