Վրաստանի բասկետբոլի հավաքականին բյուջեից հատկացվել է 3 միլիոն լարի՝ Եվրոբասկետի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար. հավաքականին առաջնությունում յուրաքանչյուր հաջորդ հաղթանակի համար կտրամադրվի ևս 3-ական միլիոն լարի։
Այս որոշման մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստում։
«Քանի որ ունենք պատմական արդյունք, մենք ցանկանում ենք նշել այս արդյունքը համապատասխան դրամական պարգևատրմամբ»։
Հիշեցնենք. երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Վրաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոբասկետի 1/8 եզրափակչում 80:70 հաշվով հաղթեց Ֆրանսիային։
Այս հաղթանակի շնորհիվ թիմը կարողացավ առաջին անգամ հասնել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։
«Մենք համարում ենք, որ արդեն իսկ ձեռք բերված հաջողության համար պետք է հատկացվի 3 միլիոն լարի, իսկ Եվրոբասկետում հաղթած յուրաքանչյուր հաջորդ խաղի համար մենք կհատկացնենք ևս 3 միլիոն լարի», — ասել է Կոբախիձեն։
Հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 10-ին Ֆինլանդիայի հավաքականի դեմ։