Հայաստանը և Վրաստանը հարգում են միմյանց նախապատվությունները. ՀՀ պաշտպանության նախարար

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է:

Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը: Հիշեցնենք` փաստաթուղթը ստորագրվում է 2010 թվականից սկսած:

Դավիթ Տոնոյանը և  Լևան Իզորիան նաև համատեղ ճեպազրույց են ունեցել:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են  երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի`  տարին հագեցած է պաշտպանական ոլորտի միջոցառումներով՝ ռազմական կրթություն և բժշկություն, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար:

«Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ևհավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,— ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա վրաց գործընկերն էլ ի պատասխան նշել է, որ վրացական կողմը պատրաստ է  իր հաջողված փորձը փոխանցել  Հայաստանին:

«Քննարկումները շատ արդյունավետ էին այն տեսանկյունից, թե ինչպես խորացնենք մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ և պատրաստ է իր փորձը կիսել նաև հայկական կողմի հետ,-  ասել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը` նշելով, որ գնահատում է հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Արժանի գործընկեր -2018»-զորավարժություններին: