Բրիտանական BBC լրատվական գործակալությունը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որում պնդում է, թե Վրաստանի կառավարությունը 2024 թվականի վերջին հակակառավարական ցույցերը ճնշելու համար, հավանաբար, կիրառել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ կամիտ։ Վրաստանի իշխող կուսակցությունը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով «անհեթեթություն» և պատրաստվում է միջազգային դատական հայց ներկայացնել։
«Այրող ջուր» և ախտանիշներ
Ըստ BBC-ի՝ լրագրողները զրուցել են քիմիական զենքի փորձագետների, Վրաստանի հատուկ ոստիկանական ստորաբաժանումների աղբյուրների և բժիշկների հետ։ Հետաքննությունը պարզել է, որ ջրցան մեքենաների մեջ հնարավոր է ավելացվել է բրոմոբենզիլ ցիանիդ կոչվող նյութը, որը հայտնի է նաև որպես «կամիտ» (camite):
BBC-ն մեջբերում է ջրցան մեքենայի հարվածի տակ հայտնված ցուցարարներից մեկի խոսքը. «Այնպիսի զգացողություն էր, կարծես [ջուրը] այրում էր»։ Նա նշել է, որ միջադեպից հետո ունեցել է փսխում, հազ և արագացած շնչառություն, որոնք տևել են շաբաթներ։
Մանկաբույժ Կոնստանտին Չախունաշվիլին, որը մասնակցում էր Թբիլիսիի ցույցերին, պատմել է, որ իր մաշկը «այրվում էր» մի քանի օր շարունակ, և այդ զգացողությունը հնարավոր չէր անցկացնել ջրով։
Նշվում է, որ «կամիտը» առաջին անգամ օգտագործել է Ֆրանսիան Գերմանիայի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրա հետագա օգտագործման մասին փաստագրված տվյալները քիչ են, և համարվում է, որ վերջինս շրջանառությունից հանվել է 1930-ականներին՝ երկարատև վնասակար ազդեցությունների պատճառով, փոխարինվելով արցունքաբեր գազով (CS):
BBC-ն հայտնել է, որ ձեռք է բերել Վրաստանի հատուկ ոստիկանական ստորաբաժանման գույքագրման ցուցակը՝ թվագրված 2019թ. դեկտեմբերով, որտեղ նշված են երկու անանուն քիմիական նյութեր՝ «Chemical liquid UN1710» և «Chemical powder UN3439»: Փորձագետները կարծում են, որ դրանք ամենայն հավանականությամբ բրոմոբենզիլ ցիանիդ են, նույն ինքը՝ կամիտ։
Լաշա Շերգելաշվիլին, որ նախկինում պատասխանատու էր ոստիկանական հատուկ տեխնիկայի համար, BBC-ին հայտնել է, որ դա նույն նյութն է, որն ինքը փորձարկել էր 2009 թվականին։ «Դրա ազդեցությունը նման չէր ոչնչի, ինչի հետ ես նախկինում առնչվել էի», — ասել է նա՝ հավելելով, որ նույնիսկ ցողված տարածքի մոտ կանգնելը դժվարացնում էր շնչառությունը։
Իշխանության արձագանքը․ Deep State քարոզչություն
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը BBC-ի հետաքննությունը որակել է որպես «սուտ» և հայտարարել միջազգային դատական գործընթաց սկսելու մտադրության մասին։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է․ «BBC-ն հրապարակել է հոդված, որը, մի շարք անհեթեթ և կեղծ պնդումներով, մեղադրում է Վրաստանի իշխանություններին ապօրինի ցույցերի ժամանակ ծայրահեղական ցուցարարների դեմ, իբր, «քիմիական գործակալ» կիրառելու համար։ Ակնհայտ է, որ այսպես կոչված լրատվամիջոցը, որն այժմ «խորքային պետության» քարոզչության գործիք է, նման լուրջ մեղադրանքի համար փաստացի հիմք չունի»։
Իշխանությունները պնդում են, որ BBC-ն հիմնվել է «շահագրգիռ կողմերի և հանցագործների» վկայությունների վրա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է, որ 2024-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրցան մեքենաներում հավելանյութ օգտագործվել է, սակայն հերքել է «կամիտի» առկայությունը։
«Նյութն իսկապես ավելացվել է։ Հիմնական հարցն այն է՝ արդյոք դա արգելվա՞ծ նյութ էր։ Ներքին գործերի նախարարությունն արդեն հաստատել է, որ կամիտ երբեք չի գնվել կամ օգտագործվել, այդ թվում՝ նախորդ իշխանության օրոք», — ասել է Կոբախիձեն։ Նա հավելել է, որ եթե «կամիտի» օգտագործումը հաստատվի, պատասխանատվությունը կկրի նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին։
Միաժամանակ, Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) քրեական գործ է հարուցել BBC-ի հրապարակման առթիվ՝ երկու ուղղությամբ․ պարզելու՝ արդյոք իսկապե՞ս կիրառվել է վտանգավոր նյութ (հոդված 333՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում), և արդյո՞ք տեղի է ունեցել պետական շահերի դեմ ուղղված ապատեղեկատվության տարածում (հոդված 319՝ աջակցություն օտարերկրյա կազմակերպությանը թշնամական գործունեության մեջ):
ՊԱԾ-ը խոստացել է հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել հետաքննության ընթացքի մասին։