Բեռնատարի վարորդը հանկարծամահ է եղել

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալքալաք քաղաքից դեպի Կարծախ գյուղ տանող ճանապարհին դժբախտ պատահար է տեղի ունեցել: Nor.ge լրատվականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի ժամը 20:00-ի սահմաններում:

Ըստ տեղեկության՝ բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակաց գոտում, թեքվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։ Ականատեսների խոսքով, բեռնատարը երթևեկելի գոտի վերադարձնելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել։

Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները։