Բողոքի ակցիայի մասնակից հանքագործներն ազատվել են աշխատանքից

Վրաստանի Ճիաթուրայում մանգան արդյունահանող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը կառավարող «Ճիաթուրա Մենեջմենթ Քոմփանի»-ն (CMC), որի արտադրության վերագործարկման գործընթացը ղեկավարում է Միխեիլ Սոցկին, բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցներին ազատել է աշխատանքից։

Երկարատև բողոքի մասնակից հանքագործները մայիսի 19-ի երեկոյան գրել են, որ ժամը 21:00-ին ընկերությունից արձագանքի են սպասում իրենց ներկայացրած պահանջների վերաբերյալ։

Ընկերությունը ժամը 20:45-ին Facebook-ով հրապարակել է հայտարարություն, որով հայտնել է նոր որոշման մասին՝ «վերակազմավորման գործընթացի միջանկյալ գնահատման» արդյունքում։ Նմանատիպ կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկվել են նաև ընկերության աշխատակիցներին։

Ընկերության հայտարարության համաձայն՝ «նրանց համար, ովքեր վերակազմակերպման արդյունքում շարունակում են աշխատանքային հարաբերությունները մեզ հետ, առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կսկսվի մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձերի պարտքի փուլային մարումը»։

Հայտարարության համաձայն` «այն անձինք, որոնց դեպքում տարբեր պատճառներով չի հաջողվել շարունակել աշխատանքային հարաբերությունները, համարվում են վերջնականապես ազատված»։

Ընկերությունը նշել է, որ նրանք կստանան «մեկ ամսվա փոխհատուցում» և 2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ հաշվարկված աշխատավարձը։

«Վերջնական հաշվարկը կկատարվի համապատասխան փաստաթղթերի ձևակերպումից հետո», – նշված է հայտարարությունում։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ աշխատանքային գործընթացը սկսելը, քանի դեռ իրենց չորս գործընկերները ձերբակալված են և քրեական մեղադրանքների են ենթարկվում, անարդար է։

Ցուցարարները կոչ են արել աշխատանքային գործընթացում ներգրավված փոքրաթիվ աշխատակիցներին այլևս չմտնել հանքեր։

Նշենք, որ ապրիլի 29-ին ՆԳՆ գործողության ժամանակ ձերբակալված չորս ցուցարար մայիսի 1-ին դատապարտվել է ազատազրկման։