Բողոքի ցույց՝ ընդդեմ Ղարիբաշվիլիի զեկույցի

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ուսանողական «Նաբիջի» («քայլ») շարժման անդամները, քաղաքացիական ակտիվիստներ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները։

Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենք բողոքում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տարեկան զեկույցը խորհրդարան ներկայացնելու դեմ։ Քաղաքացիական ակտիվիստները պաստառներ են պահել՝ «Խաղաղ հեղափոխություն», «Վրաստանն առանց Իվանիշվիլիի», «Մենք Եվրոպան ենք» գրություններով։

«Գլխավոր նպատակն է Իրակլի Ղարիբաշվիլիին և «Վրացական երազանքին» ևս մեկ անգամ ասել, որ նրանք ռուս են, իրականում ներկայացնում են Պուտինի իշխանությունն այս երկրում, և ասել, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո դիմակը հանեն։ Հասարակությունը տեսավ, որ նրանք անցան Պուտինի և Ռուսաստանի կողմը», — ասել է «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն։

Խորհրդարանի մերձակայքում են իրավապահները։