Սեպտեմբերի 8-ի երեկոյան Թբիլիսիի Պետրե Մելիքիշվիլիի փողոցում, որտեղ վերջերս բացվել էր «Վրացական երազանքի»-ի նախընտրական շտաբը, եվրոպամետ ակցիայի մասնակիցների վրա հարձակվել են «Վրացական երազանք»-ի շտաբում գտնվող աջակիցները։
«Վրացական երազանք»-ի կողմնակիցներն ակտիվիստների վրա են հարձակվել մի քանի անգամ, ընդ որում` ոստիկանության ներկայությամբ։ «Վրացական երազանք»-ի երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու աջակիցները, որ ներկայանում են իբրև «ընտանեկան արժեքների պահապաններ», ֆիզիկական բռնության են ենթարկել բազմաթիվ ակտիվիստների, որոնց մեծ մասը կանայք են, ինչն արտացոլված է տեսանյութերում: Հարձակվողների թիրախում են հայտնվել նաև «Պուբլիկա»-ի, «Նեթգազեթի»-ի լրագրողները, նաև հունգար լրագրող Լասլո Մեզուշը։ Երկու քաղաքացի դեռևս գտնվում են հիվանդանոցում՝ մարմնական տարբեր վնասվածքներով։
Ներքին գործերի նախարարությունը Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով` խմբակային բռնության գործադրում, հետաքննություն է սկսել։ Մինչ այս պահը դեռևս ձերբակալվածներ չկան, չնայած ակտիվիստները և լրագրողները բռնարարների մեծ մասի ինքնությունը բացահայտել են։
«Պուբլիկա»-ի լրագրող Քեթո Միքաձեի վրա հարձակվողը Լևան Զարդիաշվիլին է, որը ոչ միայն չի ձերբակալվել, այլև լրագրողից գողացած հեռախոսը չի վերադարձրել։ «Նեթգազեթի»-ի լրագրողին հայհոյողը և մասնագիտական գործունեությանը խոչընդոտողը Թբիլիսիի ոստիկանության տնօրենի տեղակալ Խուտա Պաճկորիան է։
Լրագրողները և ակտիվիստները բացահայտել են նաև այլ բռնարարների ինքնությունը, որոնց շարքում են Զազա Մամալաձեն, Նիկոլոզ Սիխարուլիձեն, Գիորգի Տրապաիձեն, Օմար Գաբրիչիձեն և այլք։
Տեղի ունեցածը դատապարտել են մի շարք հասարակական կազմակերպություններ ու քաղհասարակության ներկայացուցիչներ: Նրանք պահանջել են երկակի ստանդարտներ չկիրառել և անհապաղ բերման ենթարկել բռնություն գործադրողներին: Միաժամանակ մեղադրել են ոստիկանությանը՝ տեղում չլինելու ու ուշ ներկայանալու համար։ Ընդգծենք, որ ոստիկանությունը տեղեկացված է եղել ցույցի մասին, սակայն չի միջամտել խմբակային բռնության ժամանակ:
Կատարվածին արձագանքել է ու ակտիվիստներին վիրավորական խոսքեր է ասել «Վրացական երազանք»-ի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն։
«Ի՞նչ էին փնտրում այդ մարդիկ շտաբի մոտ։ Թե՞ շտաբն էր գնացել այդ մարդկանց մոտ։ …Այստեղ կանանց որտե՞ղ եք տեսնում։ Ոչ մեկը կին չէ։ Չգիտեմ, ինչ–որ ուրիշ տեսակ է։ Որտե՞ղ կա կին։ Ցույց տվեք մեկ մարդ, որը կին է…»,- ասել է Կախա Կալաձեն լրագրողների հետ զրույցում։
Կատարվածին արձագանքել են նաև «Վրացական երազանք»-ի այլ ներկայացուցիչներ․ այդ թվում` «Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլին, անտեսելով տեղի ունեցածը, ընդհակառակը՝ մեղադրել է ցուցարարներին: Նա կատարվածի պատասխանատու է համարել Վրաստանում Գերմանիայի դեսպանին։
«Գերմանիայի դեսպանից աջակցություն ստացած տիտուշկաները այսօր արդեն երրորդ անգամ հարձակվել են «Վրացական երազանք»-ի թբիլիսյան շտաբի վրա։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում օտար երկրի դեսպանի աջակցությունը ծայրահեղականներին և բռնության չդատապարտումը, Վիեննայի կոնվենցիայի խախտմամբ` ընտրություններին կոպիտ միջամտության օրինակ է», – հայտարարել է Պապուաշվիլին։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբը, որը վերջերս է բացվել, արդեն մի քանի անգամ դարձել է ակտիվիստների վրա հարձակման վայր։ Հատկանշական է նաև, որ սեպտեմբերի 8-ի բախման ժամանակ «Վրացական երազանք»-ի աջակիցների նետած առարկաները դիպել են նաև ոստիկանության աշխատակիցներին, սակայն դրանից հետո էլ ոչ մի ձերբակալված չկա։