«Երկու աթոռի վրա նստելու փորձ». ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին ու Վրաստանը

Այսօր՝ փետրվարի 24-ին, լրացավ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմի մեկ տարին: 2022-ի փետրվարի 24-ից մինչ օրս, Վրաստանից Ուկրաինային աջակցության ու համերաշխության կոչերից զատ, հնչել են նաև բազմաթիվ հակասական հայտարարութուններ:

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում հիմնականում քաղհասարակությունն ու ընդդիմությունը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են միանալ ՌԴ-ի դեմ Վրաստանի միջազգային գործընկերների սահմանած պատժամիջոցներին: Իշխող թևը, սակայն, այդ կոչերը համեմատում է «երկրորդ ճակատ բացելու» հետ, ավելին՝ միջազգային գործընկերներին մեղադրում է Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու փորձի հրահրման մեջ:

«Վրացական երազանքի» վերաբերմունքն Ուկրաինային՝ երկու աթոռի վրա նստելու փորձ էր»,- ամփոփելուվ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին ու Վրաստանից հնչած հայտարարությունները, ասում է Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին:

Ըստ Մելաշվիլիի՝ իշխող կուսակցության Ուկրաինային ցուցաբերած ողջ օգնությունը մարդկանց ճնշումների արդյունքում կայացված որոշումներ են եղել. լինի դա Ուկրաինայում կռվող կամավորների ժամանումը, գեներատորների արշավը, թե աջակցության որևէ այլ գործողություն: Մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում անհամար ռեսուրսներ են վատնվել անիմաստ, ժամանակավրեպ ու վնասաբեր նենգությունների վրա։

Մելաշվիլին նկատում է՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց ամենակարևորը՝ հեղինակությունը:

«Մենք չկարողացանք օգտվել հնարավորությունների պատուհանից: Նախաձեռնելով ռուսական գործակալական օրենքը և ընդհանրապես` անհասկանալի հայտարարությունների փաթեթով, մենք լիովին ջնջեցինք այն համբավը, որը եղել է, ստեղծվել է տարիների ընթացքում: Փոխարենը, մենք Ռուսաստանից միգրացիայի ալիք ստացանք, անշարժ գույքի ուռճացված գներ և տնտեսական աճ, որն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից և նվազեցնում է Վրաստանի դիմադրողականությունը»,- ընդգծում է Մելաշվիլին:

Քաղաքագետը վստահեցնում է՝ պատերազմը միանշանակ կավարտվի Ուկրաինայի հաղթանակով: Ըստ նրա՝ սկզբունքորեն Ուկրաինան արդեն հաղթել է ռազմավարական առումով, նրա վերջնական հաղթանակը կախված է արևմտյան զենքի ժամանակին մատակարարումից. որքան շատ զենք մատակարարի Արևմուտքն Ուկրաինային, այնքան շուտ պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով։

Մելաշվիլին նկատում է՝ խոսակցությունները, թե նոր աշխարհակարգ է ձևավորվում` ճիշտ չէ, սա կլինի աշխարհակարգ առանց Ռուսաստանի ու նրա արբանյակների։

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ այն, ինչ արել է իշխող կուսակցությունն Ուկրաինային աջակցելու համար, անգամ չի կարելի աջակցություն անվանել:

Վասաձեն վստահ է՝ Վրաստանն այս ընթացքում կորցրեց միջազգային գործընկերների աջակցությունը, նրանց աչքին Վրաստանի հեղինակությունը, անկասկած, ընկել է:

«Վրաստանը չկանգնեց միջազգային գործընկերների կողքին: Վրաստանը հարաբերությունները փչացրեց ոչ միայն Ուկրաինայի, այլև Արևմուտքի հետ, ինչը նշանակում է, որ վտանգված են նաև արևմտամետ նկրտումները. իսկ դա աղետ է»,- կարծում է փորձագետը:

Փորձագետը նաև ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո հետսովետական աշխարհակարգ է լինելու, այնտեղ Ռուսաստանը ևս լինելու է, բայց ոչ որպես կարևոր «դերակատար». Ռուսաստանը ռեսուրս չի ունենա հետսովետական պետությունների վրա ազդելու համար: