Բրյուսելում քննարկվել են ԵՄ առաջարկությունների կատարման ընթացքը

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ։

Ըստ վրաստանի կառավարության ֆեյսբուքյան հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Ղարիբաշվիլին Վարհեին տեղեկություն է տրամադրել 12 առաջարկությունների կատարման ուղղությամբ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի մասին։

«Օլիվեր Վարհեի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը և հույս հայտնել, որ 12 առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կարտացոլվեն Եվրահանձնաժողովի զեկույցում, և Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նույն հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները և ասոցացման համաձայնագրի շրջանակներում երկրի կողմից իրականացվող բարեփոխումները։ Ուշադրություն է դարձվել աշխարհում ընթացող գործընթացներին։ Ղարիբաշվիլին և Վարհեը մտքեր են փոխանակել անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների վերաբերյալ. «Վարչապետը շնորհակալություն է հայտնել եվրահանձնակատարին՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար»:

Ի դեպ, նոյեմբերին, հավանաբար, հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի վերջ, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։

Անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրել 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։