#CheckinTbilisi. «Աշնանային Թբիլիսի», eZo Festival 2018, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Շաբաթավերջը Թբիլիսիում խոստանում է աշնանային ջերմ նոտաներով հագեցնել ձեր առօրյան: Ալիք Մեդիան ներկայացնում է հերթական CkeckinTbilisi-ն՝ շաբաթավերջի լավագույն միջոցառումների ընտրանին:

«Աշնանային Թբիլիսի» միջազգային երաժշտական փառատոնի 26-րդ սեզոնի բացումը կապված է վրացական սիմֆոնիայի հոբելյանի հետ․ դասական երաժշտության սիրահարներին խորհուրդ ենք տալիս անպայման այցելել փառատոնի բացմանը: Ծրագիրն իրականացվում է Check in Georgia նախագծի շրջանակներում: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել այստեղ։

Tbilisi Experimental sound նախագծի շրջանակներում Վակե այգում Backstage 76-ում երաժշտության սիրահարների համար հետաքրքիր երեկո է սպասվում սեպտեմբերի 7-ին: Մանրամասներն այստեղ

Թեժ ամառն ավարտվել է, սակայն eZo Festival 2018-ը շարունակվում է: Կազմակերպիչները խոստանում են սեպտեմբերի 7-ին և 8-ին ողջ տարվա համար ջերմության պաշար հաղորդել ձեզ։

Վրաստանի բնակչության կրեատիվ հատվածի աշխատանքներին կարող եք ծանոթանալ և ձեռք բերել Մթածմինդա այգում սեպտեմբերի 8-9 կազմակերպվող ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքի ընթացքում: Սեպտեմբերի 8-ին և 9-ին՝ սկիզբը ժամը 11:00-ին:

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 9-ին, Վրաստան-Լիտվա խաղը տեղի կունենա Թբիլիսիի Դինամո- Արենայում: ԼԳԲԹ համայնքին աջակցություն ցուցաբերելու պատճառով Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գուրամ Կաշիայի դեմ մեծ աղմուկ էր բարձրացել, այդ իսկ պատճառով մի խումբ քաղաքացիներ Կաշիային համերաշխություն ցուցաբերելու նպատակով առաջարկում են #გურამშენთანვართ (Գուրամ, քեզ հետ ենք) հեշթեգը գրել սպիտակ թղթերի վրա և նման կերպ ներկայանալ խաղին: Մանրամասներն այստեղ:

Սեպտեմբերի 8-ին ժամը 20:00-ին Ստրադա ռեստորանում Պապունա Շարաքաձեի տրիոյի և Սոփո Բաթիլաշվիլիի միասնական համերգը տեղի կունենա: Լավ հնարավորություն է ջազ դաշնակահար Պապունա Շարաքաձեի և արդեն հայտնի 19-ամյա Բատիաշվիլիի կատարումները վայելելու: