Քաղբանտարկյալ, ուսուցիչ և ակտիվիստ Նինո Դաթաշվիլին Ռուսթավիի կանանց գաղութից դիմել է «Լելո» կուսակցության առաջնորդներին՝ Մամուկա Խազարաձեին ու Բադրի Ջափարիձեին և խնդրել, որ չմասնակցեն տեղական ինքնակառավարման ընտրություններին։
Նինո Դաթաշվիլիի նամակը հրապարակվել է սեպտեմբերի 6-ին՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին. պարոն Մամուկա, պարոն Բադրի, ես՝ որպես քաղբանտարկյալ, դիմում եմ ձեզ։ Մեր քաղբանտարկյալների ազատ արձակումը կախված է հասարակության միավորումից։
Խնդրում եմ, մի մասնակցեք Բիձինայի «խաղին»` ընտրություններին։
Ինչպես պարոն Մամուկան ինքը հայտարարեց, դա դավաճանություն է։ Վերջ տվեք այս դավաճանական իրավիճակին Վրաստանում և միացեք բոյկոտող հասարակությանը։
Ռուսթավելիի պողոտայի հասարակությանը ուզում եմ ասել, որ դուք հերոսներ եք, և ձեր ներկայությունը ուժ է տալիս մեզ՝ բողոքի մասնակիցներին։
Մնացած հասարակությանը․ ժողովուրդ, ուղիղ եթերում դավաճանության ակտ գործադրեցին` Վրաստանին մեղադրեցին պատերազմ սկսելու համար։ Դո՛ւրս եկեք փողոց, դո՛ւրս եկեք։ Թորնիկե Թոշխուային ևս մեկ անգամ խնդրում եմ դադարեցնել հացադուլը, որովհետև շատ եմ անհանգստանում», — գրել է Դաթաշվիլին։
Հիշեցնենք, որ ակտիվիստը ձերբակալվել է հունիսի 9-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի մանդատուրի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեղադրանքով։