Եվրախորհրդի նախագահը մտահոգված է վրաստանյան զարգացումներով

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանի մոտ մարտի 7-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։

Twitter-յան իր միկրոբլոգում Միշելը գրել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության ուղուն։

Միշելը նշել է՝ խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է:

«Ես շատ անհանգստացած եմ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով: Օրենքի գերակայությանը և մարդկային արժեքներին նվիրվածությունը Եվրամիության առանցքային խնդիրներն են»,- գրել է Միշելը:

Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Վաղ առավոտյան արդեն Ռուսթավելիի պողոտայում միայն ոստիկանական ուժերն էին։

Օրենքը Վրաստանի արևմտյան գործընկերներին է թշնամի համարում․ կոնֆլիկտաբան