Օրենքը Վրաստանի արևմտյան գործընկերներին է թշնամի համարում․ կոնֆլիկտաբան

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի հայտարարությունը փաստում է, որ վրացի ժողովուրդը պետք է պայքարի ավտորիտարիզմի դեմ, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ամփոփելով Կրամոնի հայտարարությունն ասում է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Անդրադառնալով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, թե «Վրացի Յանուկովիչը բանտում է, և անունը Միխեիլ Սաակաշվիլի է, իսկ Մայդանը ի՞նչ բերեց Ուկրաինային, նրանք կորցրին Ղրիմը և Լուգանսկի ու Դոնեցկի մի զգալի մասը, այս ամենի շարունակությունն այն պատերազմն է, որն այսօր ընթանում է Ուկրաինայում»՝ Զաքարեիշվիլին ասում է, որ այս հայտարարությունն ամոթալի է և անբարոյական:

Ըստ կոնֆլիկտաբանի՝ այդպիսով Կոբախիձեն հայտարարում է, որ այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում՝ ուկրաինացիների մեղքն է. Կոբախիձեն «անամոթաբար կրկնում է Պուտինի նարատիվը»:

«Պուտինն էր ասում՝ Ուկրաինան իրեն վատ է պահել, դրա համար են հարձակվել, գրավել սուվերեն երկրի շրջանները»,- ասում է կոնֆլիկտաբանն ու հավելում՝ Կոբախիձեի հայտարարությունը վտանգավոր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի համար:

Կոնֆլիկտաբանն ընդգծում է՝ նման խոսույթով իշխանություններն ասում են, թե 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատճառով էր, հետևաբար Վրաստանի՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի կորուստը բնական էր՝ «սխալ քաղաքականություն էին վարում, այդպես էլ պետք է լիներ․․․»:

Զաքարեիշվիլիի խոսքով, իշխանություններն այնքան արագ են քննարկում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը, որ հավանաբար պատրաստվում են դրանց վերջնական հավանություն տալ, սակայն մինչ այդ պետք է հանդարտեցնեն բորբոքված կրքերը:

«Նրանք քննարկում են այսպես կոչված վրացական և ամերիկյան օրինագծերը, որոնք վերջին հաշվով ռուսական են, ռուսանպաստ: Առաջարկված օրենքներից ոչ մեկում չի հստակեցվում, թե ով է թշնամին, իսկ թշնամին Ռուսաստանն է:

Բայց քաղքասարակությունը, ՀԿ-ները և շատերը ֆինանսավորում ստանում են ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ոչ թե՝ Ռուսաստանից։ Իշխանության օրինագծերից ստացվում է՝ մեր գործընկերներն են թշնամին, ոչ թե Ռուսաստանը»,- ընդգծեց կոնֆլիկտաբանը:

Ըստ նրա՝ օրենքի բառացի թարգմանությունը չի նշանակում, որ այն ամերիկյան է. ամերիկացիները պայքարում են բռնապետության դեմ, այդ օրենքով, սակայն, Վրաստանը կպայքարի գործընկերների և ժողովրդավարության դեմ:

Ի դեպ, Կրամոնը գնահատելով մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցն ու բախումներն ասել է. «Դա ինձ հիշեցնում է 2013-2014 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած մայդանը»: