Մահճակալային ֆոնդը դեռևս 45 տոկոսով ազատ է․ Գաբունիա

Վրաստանում հիվանդանոցային ռեսուրսները դեռևս բավարարում են կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին հավուր պատշաճի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

Փոխնախարարի խոսքով՝ երկրում գործում է առցանց ծառայություններ մատուցող 102 հիվանդանոց, ինչպես նաև ակտիվ աշխատում է 15 22 համարի թեժ գիծը, որին, ի դեպ, երեկ ստացվել են ռեկորդային քանակի զանգեր։

Ըստ Գաբունիայի, երբ հիվանդանոցների առցանց ծառայությունների ռեսուրսը չբավականացնի, ապա բժիշկներն այդ փուլում առաջնահերթություն կտան 65-ից բարձր տարիքի քաղաքացիներին։

Գաբունիան հայտնել է, որ այս պահին 2 500 ընտանեկան բժիշկ է մոբիլիզացված։

Հատկանշական է, որ, ըստ փոխնախարարի, դեկտեմբերի վերջին վերանայվել են կորոնավիրուսի բուժման մեթոդները, և այժմ լաբորատոր հետազոտությունները նշանակվում են միայն անհրաժեշտության դեպքում՝ ընտանեկան բժշկի որոշմամբ։ 

Գաբունիան նաև հայտնել է, որ  կորոնավիրուսային հիվանդության համար նախատեսված մահճակալային ֆոնդի 45%-ն այսօրվա դրությամբ դեռևս ազատ է։

«Համակարգող խորհրդի այսօրվա նիստի հիմնական թեման է եղել «օմիկրոնի» ֆոնին դեպքերի ավելացումը և հիվանդանոցային հատվածի՝ այդ հոսքերին արձագանքելու կարողությունը։ Առավոտվա դրությամբ գրանցվել է ակտիվ 87 609 դեպք, որից հոսպիտալացված է 4 595-ը»,- ասել է Գաբունիան։