Գրանցված դեպքերի 90%-ն «օմիկրոն» է, սակայն այս պահին դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի շրջանառությունը հասնում է ընդհանուր դեպքերի 90%-ի։

Ըստ վարակաբանի, եթե մարդու մոտ առկա են շնչառական վիրուսին բնորոշ ախտանշաններ, նա չպետք է սպասի թեստի դրական արդյունքի, պետք է անհապաղ ինքնամեկուսանա։

«Կարծում ենք՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում երկրում կավելանա «օմիկրոնի» շրջանառությունը։ Այսօր 15 հազարից ավելի դեպք կա, դրանք բացահայտված դեպքերն են, բայց իրականում, կարծում ենք, որ դեպքերը 3-4 անգամ ավելի են»,- ​​ասել է Գամկղրելիձեն։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ այսօրվա դրությամբ առկա է լաբորատոր հաստատված «օմիկրոնի» 1 600 դեպք։

Գամկղրելիձեն նաև ասել է, որ եթե նույնիսկ անցնեն կոշտ սահմանափակումների, ապա դրանք չպետք է ազդեն դպրոցների վրա։

Գամկղրելիձեի խոսքով, այս փուլում դպրոցների միայն մի փոքր մասն է անցել առցանց կրթության։

«Այս համավարակն էականորեն վնասել է աշխարհի բնակչության առողջությունը, տնտեսություններին, ինչպես նաև ամենամեծ վնասներից մեկը հասցվել է կրթական համակարգին», — ասել է Գամկղրելիձեն:

Ինչ վերաբերում է բուհերին, ապա, ըստ Գամկրելիձեի, դրանք ինքնավար են, և բուհի ղեկավարությունն ինքն է որոշում կայացնում այս հարցում։