Իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ. ֆոտոշարք

Առավոտյան ժամը 7-ից Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում հավաքված են ընդդիմության ներկայացուցիչները՝ շենքի մուտքերն արգելափակելու նպատակով: Ցուցարարներին տեղում դիմավորել են ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, տարածքում մի քանի անգամ բախումներ են եղել, ինչից հետո բերման է ենթարկվել մոտ 12 քաղաքացի, այդ թվում՝ «Նոր Վրաստան» կուսակցության հիմնադիր Գիորգի Վաշաձեն:

Խորհրդարանում, միևնույն ժամանակ, ընթանում է 20 մշտական դատավորների հաստատման քվեարկությունը, որին դեմ են հանդես գալիս ընդդիմադիրները, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնության մի մասը:

Խորհրդարանի մուտքերի մոտ այս պահին ոստիկանները կենդանի միջանցքներ են կազմել, քաղաքացիներին ու լրագրողներին թույլ չեն տալիս այլ ճանապարհներով անցնել: Լրագրողներին արգելել են նաև մուտք գործել խորհրդարանի տարածք:

Շենքի դիմացի հատվածում տեղադրված են ընդդիմության վրանները, դրա հետ մեկտեղ իշխող կուսակցության աջակիցների կողմից տեղադրված պաստառներն են, որոնց վրա պատկերված են ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության առաջնորդները:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ի իրադարձություններից հետո իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին բավարարելով ցուցարարների պահանջներից մեկը, խոստացել էր համամասնական ընտրակարգի անցնել արդեն 2020 թվականից: Շուրջ 3 ամիս ընթացող քննարկումներից հետո խորհրդարանը տապալեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քվեարկությունը, ինչից հետո ցույցերը վերսկսեցին, ավելի քան 20 ընդդիմադիր ուժ միավորվեց՝ ընդդեմ իշխանության: Ընդդիմությունը մի քանի անգամ փորձել է արգելափակել խորհրդարանի մուտքերը, ինչից հետո հատուկջոկատայինները ցրել են ցույցերը՝ կիրառելով հատուկ միջոցներ: