Փլուզման հետևանքով մահացած կնոջ պտղի կյանքը փրկել են

Բժիշկներին հաջողվել է փրկել Մառնեուլիի 5 հարկանի բնակելի շենքի 5-րդ հարկի պատշգամբի փլուզման հետևանքով մահացած հղի կնոջ պտղի կյանքը։ Փոխանցում է Netgazeti-ին։

Մառնեուլիի Aversi կլինիկայի բժշկի խոսքով՝ 26-ամյա կինը, ով հղիության 38-րդ շաբաթում է եղել, արդեն մահացած է ընդունվել կլինիկա, սակայն ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է պտղի սրտի բաբախն ու բժիշկների իրականացրած միջոցառումների արդյունքում հաջողվել է փրկել երեխայի կյանքը։

«Պտղին փրկելու համար նրան անմիջապես վիրահատել են, վերակենդանացման միջոցառումների արդյունքում երեխան ողջ է մնացել»,- հայտնել է կլինիկայի բժիշկը։

Տվյալների համաձայն՝ մահացած կնոջ երկրորդ՝ 7-ամյա երեխայի վիճակը, ով նույնպես վիրավորվել էր պատշգամբի փլուզման հետևանքով, կայուն է։

Վնասված մեկ այլ՝ 8-ամյա աղջիկը, ըստ բժիշկների, դեռևս մի քանի վիրահատության կարիք ունի։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել  շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 240-րդ հոդված)։

Կարդացեք նաև՝

Մառնեուլիում փլուզման հետևանքով հղի կին է մահացել

Մառնեուլիում շենքի պատշգամբ է փլուզվել. կա զոհ և տուժածներ