Մայիսի 5-ին, մոտավորապես երեկոյան ժամը 23:00-ին, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցից տուն վերադարձող ցուցարարները հարձակման են ենթարկվել բնակելի շենքի վերելակից դուրս գալու պահին։
«Մեզ վրա հարձակվեց անծանոթ մի մարդ վերելակի դռան մոտ և պղպեղի սփրեյ ու ներկ նետեց մեզ վրա», — գրել է տուժածներից մեկը՝ Նուցա Մախարաձեն։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես նրանցից մեկի դեմքին կանաչավուն-դեղին հեղուկ/նյութ են լցնում։ Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես է տուժածն ասում, որ իր աչքերը այրվում են և ցավում։
Նուցա Մախարաձեի խոսքով, մի անծանոթ մարդ վիրավորել է իրենց և բղավելով հայհոյել: Ակտիվիստի խոսքով, իրեն և իր ուղեկից Քեթի Ջաջանաշվիլիին արդեն մեկ ամիս «հետևում են»։