Ընդդիմությունը փողոցները փակելու մասին է հայտարարում, ՆԳՆ-ն՝ զգուշացնում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիում նախատեսվող հանրահավաքին և Քուռ գետի աջ և ձախ ափերի՝ ճանապարհային հանգույցների ծրագրված փակմանը՝ ասելով, որ այս գործողություններն արգելված են, պատժվում են ազատազրկմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուժի և հատուկ միջոցների կիրառում կլինի։

ՆԳՆ-ն նոյեմբերի 15-ի առավոտյան տարածած հաղորդագրությունում նշում է, որ ընդդիմության այսօրվա հանրահավաքի հայտարարված նպատակը Թբիլիսիում տրանսպորտային կոլապս հրահրելն է։

ՆԳՆ-ն վկայակոչում է «Հավաքների և մանիֆեստների մասին» Վրաստանի օրենքի 11-րդ հոդվածը, ըստ որի՝ «հավաքի մասնակիցներին արգելվում է միտումնավոր խոչընդոտներ ստեղծել տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար»։

«Նույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է տրանսպորտային միջոցներով, տարբեր շինություններով և/կամ առարկաներով երթևեկելի մասի փակումը: Վերոնշյալ կանոնների խախտումը կառաջացնի պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան», — ասված է հայտարարության մեջ:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում գործել Սահմանադրության սահմաններում:

ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան նոյեմբերի 15-ին ժամը 14:00-ին մետրոյի Ավլաբարի կայարանի մոտ հանրահավաք է հայտարարել, որից հետո ընդդիմությունը նախատեսում է ի նշան բողոքի՝ ժամանակավորապես փակել Քուռ գետի աջ ու ձախ ափերը։ Ցույցը կապված է Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման և Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու հետ։