Դամիայի հանրակրթական դպրոցում հնչեց առաջին զանգը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկեց դասապրոցեսը։ Առաջին անգամ դպրոց հաճախեցին 1-ին դասարանցիները։

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի առաջին դասարանն ունի 5 աշակերտ։

Դպրոցի բակում կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում՝ նվիրված դպրոցի առաջին օրվան. աշակերտները արտասանեցին և երգեցին՝ այդպես դիմավորելով առաջին դասարանցիներին։

Դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանն աշակերտներին հանձնեց կրթության և գիտության նախարարության տրամադրած համակարգիչները և դասագրքերը։ Այնուհետև առաջին դասարանցիներին ուսուցիչներն ուղեկցեցին դասասենյակ։

Հիշեցնենք, ուսումնական տարին Վրաստանում սովորաբար սկսվում է սեպտեմբերի կեսին և ավարտվում հունիսի կեսին։ Հատկանշական է՝ 2025-2026 ուսումնական տարում պետական ​​և մասնավոր դպրոցներում առաջին դասարանում գրանցվել է 47 հազար 630 աշակերտ։