Իրակլի Դգեբուաձեն, որ անմիջականորեն առնչվում է «Բաթումելեբի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ազատազրկման հետ, այլևս չի ղեկավարի Բաթումիի ոստիկանությունը։ Տեղեկությունը նախ տարածել է «Բաթումելեբի»-ն, այնուհետև «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան լուրը հաստատել են Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Դգեբուաձեն այսուհետ կզբաղեցնի Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավարի պաշտոնը։
Մզիա Ամաղլոբելիի քրգործը և դրան Իրակլի Դգեբուաձեի առնչությունը դարձել է լայն քննարկման թեմա Վրաստանում և ամբողջ աշխարհում: Իրակլի Դգեբուաձեին ապտակ հասցնելու համար երկու տարով ազատազրկված Մզիա Ամաղլոբելին հայտարարել էր, որ Բաթումիի ոստիկանության արդեն նախկին ղեկավարն իր ձերբակալության ժամանակ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ՝ թքել է դեմքին, արգելել է ջուր խմել և օգտվել զուգարանից, սակայն այս մեղադրանքներով քննություն չի սկսվել։ Ընդհակառակը, տուժող է ճանաչվել հենց Դգեբուաձեն, քանի որ Ամաղլոբելին նրան ապտակել էր․ Դգեբուաձեի խոսքով՝ ապտակն իրեն ցավ է պատճառել, և կարմրել են նրա այտն ու ականջը։ Սրա հիման վրա էլ վերջերս Մզիա Ամաղլոբելիին դատապարտեցին երկու տարի ազատազրկման։
Դատարանի վճիռը քաղաքացիները բողոքի կոչերով են դիմավորել, իսկ Եվրամիությունը և մի շարք միջազգային կառույցներ խիստ քննադատել են և իշխանություններին և կոչ արել անհապաղ ազատ արձակել Ամաղլոբելիին։