Ձերբակալվել է ՄԱՇ-ի քաղաքական խորհրդի անդամը. ՊԱԾ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ խարդախության մեղադրանքով ձերբակալվել է «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Լաշա Ցանավան։

Ըստ ՊԱԾ-ի` մեղադրյալը «խաբեությամբ» գումար է ստացել օտարերկրյա քաղաքացուց՝ Վրաստանում բնակության թույլտվության հարցում աջակցելու դիմաց։

Ըստ հաղորդագրության` Լաշա Ցանավան օտարերկրյա քաղաքացուն խոստացել է Վրաստանում մեկ տարվա բնակության թույլտվություն ապահովել, որի դիմաց պահանջել է 5600 ԱՄՆ դոլար։ Ըստ հրապարակված տեղեկության` այդ գումարի մի մասը օտարերկրյա քաղաքացին նրա հաշվին է փոխանցել 2025 թվականի մայիսի 21-ին։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19,180-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետով, որը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։

Վրաստանի դատախազությունը Լաշա Ցանավայի և ևս 7 անձանց դեմ քրեական գործ էր հարուցել նաև անցյալ տարվա ապրիլին։

Գործը վերաբերում էր 2009 թվականի հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպին։ Մասնավորապես, ըստ դատախազության, Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչության վարչական շենքի մերձակայքում տեղի ունեցած բողոքի խաղաղ ցույցի ժամանակ ՆԳՆ աշխատակիցները, այդ թվում՝ Լաշա Ցանավան, մահակներով և այլ միջոցներով ֆիզիկական հարձակում են գործել ցույցի մասնակիցների վրա։

Այդ ժամանակ Լաշա Ցանավան լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ իրեն մեղադրանք առաջադրելը «զուտ քաղաքական հարց է»։