Համբարձումյանի երաժշտությունը մատուցվեց Թբիլիսիի հանդիսատեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճը հյուրընկալել էր ծագումով թբիլիսահայ կոմպոզիտոր, դիրիժոր Հովհաննես Համբարձումյանին։ Երաժշտի հեղինակային երեկոյի ընթացքում Մամիկոն Նահապետովը, Դիմիտրի Բոքոլաշվիլին և Նատալիա Բոեւան կատարեցին Համբարձումյանի այն ստեղծագործությունները, որոնք Համբարձումյանը գրել է Հովհաննես Թումանյանի քառյակների հիման վրա։ Համերգային ծրագիրը Թբիլիսիում իրականացնելուն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը։

Կոմպոզիտոր և դիրիժոր Հովհաննես Համբարձումյանն «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում հայտնեց, որ առաջին նմանատիպ համերգն անցկացվել է Մյունխենում, իսկ ապրիլի 12-ին, ժամը 19։00-ին Թբիլիսիում կայացած համերգը երկրորդն է։ Համբարձումյանը մանրամասնեց` կատարողները Թբիլիսի են ժամանել տարբեր երկրներից հատուկ այդ հեղինակային երեկոյին մասնակցելու համար։

«Այս համերգն առանձնակի դեր ու նշանակություն ունի մեզ համար։ Շատ մեծ պատասխանատվություն է նաև հայ համայնքի առջև հանդես գալը. ուզում ենք ամեն ինչ գեղեցիկ, բարձր մակարդակով լինի։ Եվ կապ չունի, որ մենք արդեն երկար տարիներ ապրում ենք այլ երկրներում, միևնույն է` միշտ վերադառնում ենք և չենք ուրանում մեր արմատները», — ասաց Համբարձումյանը։

Առաջիկա ծրագրերի մասին կոմպոզիտորը տեղեկացրեց` նպատակներ շատ կան, իսկ կարևորներից մեկը բարձրակարգ ելույթներն են աշխարհի տարբեր երկրների բեմերում և նրանց փոխանցելը մեր արվեստը։

Դաշնակահար Մամիկոն Նահապետովը, որ նույնպես ծագումով թբիլիսահայ է և արդեն 18 տարի ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում, իր երաժշտական առաջին քայլերն սկսել է Թբիլիսիի կենտրոնական երաժշտական դպրոցից, այնուհետև կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ Նա ընդգծեց, որ իր գլխավոր նպատակն է համարում հանդիսատեսի համար գեղեցիկ երեկոյի ապահովումը։

«Ինձ համար մեծ պատիվ է մայրաքաղաք Թբիլիսիում ներկայացնել Հովհաննեսի ստեղծագործությունները։ 10 ստեղծագործություններից 8-ը կնվագեմ ես։ Ես շատ եմ սիրում օգնել երիտասարդ կոմպոզիտորներին, դա ինձ համար լավագույն աշխատանքն է։ Հուսով եմ, Թբիլիսիի հասարակությունմը կգոհանա համերգից, և նման նախաձեռնությունները կդառնան շարունակական», — ասաց Նահապետովը։

Կլառնետահար Դիմիտրի Բոքոլաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ է կարևորում հանդիսատեսին նոր երաժշտության մատուցումը։

«Պարոն Հովհաննեսին ճանաչում եմ երկար տարիներ, և նա միշտ առանձնանում է իր տաղանդով։ Շատ հպարտ եմ, որ այս մարդը, որին ճանաչում եմ 10 տարի, գրել է հրաշալի ստեղծագործություններ, որոնցից մի քանիսի կատարմանը կմասնակցեմ, իսկ երկուսի դեպքում մենակատար կլինեմ։

Շատ կարևոր է այս համերգը և՛ ունկնդրի համար, քանի որ լսելու են նոր ստեղծագործություններ, և՛ մեզ համար է շատ կարևոր` փորձի փոխանակման առումով», — նշեց Բոքոլաշվիլին։

Համերգին ներկա էին թբիլիսահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, երիտասարդներ, Վրաստանում ՀՀ դեսպանությատան աշխատակիցները` դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորությամբ։ Դեսպանը համերգի ավարտին պատվոգրեր հանձնեց Հովհաննես Համբարձումյանին և Մամիկոն Նահապետովին։