Վրաստանում Հայաստանի դեպանությունը՝ իշխանական հեռուստաընկերության եթերում օգտագործված խնդրահարույց և անընդունելի գրությունների մասին

Վրաստանում Հայաստանի դեպանությունը հայտարարություն է տարածել՝ փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված խնդրահարույց և անընդունելի գրությունների վերաբերյալ։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ 

Հայտարարության համաձայն՝ փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանական TV Imedi հեռուստաընկերության եթերում, փետրվարի 9-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել հայկական մածունի արտահանման սահմանափակման թեմային: Թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրած կադրերում շշի վրա վրացերենով գրված է «մացուն», դրա վերևի հատվածում հայատառ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է»: