Վրաստանն արգելել է «Մածուն» գրությամբ ապրանքների արտահանումը 

Վրաստանն արգելել է Հայաստանին Վրաստանի տարածքով Ռուսաստան արտահանել «Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերքը, այս մասին հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Նշվում է, որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողն էլ Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:

«Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս» — «Արմենպրես» լրատվականի հետ զրույցում նշել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի՝ միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։

«Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո»,-նշվում է նախարարության պարզաբանման մեջ։

Ասվում է նաև, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանման համաձայնագրի մասին քննարկում է եղել: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։