Կալաձեն թույլ չի տա Վակե այգում շինարարություն սկսել

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է՝ մայրաքաղաքի իշխանություններն ամեն ինչ կանեն, որ Վակե այգում նախատեսվող շինարարությունը չմեկնարկի:

Հիշեցնենք՝ մի քանի օր շարունակ քաղաքապետարանը բանակցություններ է վարում շինարարությունը նախաձեռնած կողմի հետ, սակայն վերջինս չի զիջում:

Կալաձեի խոսքով, այգու տարածքում «Բուդապեշտ» հյուրանոց կառուցելն ապօրինի է: Բողոքի ալիք են բարձրացրել նաև քաղաքացիները:

Ինչ վերաբերում է թույլտվությանը, այն տրվել է դեռևս նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի կողմից: Վերջերս քաղաքապետարանը դատարան էր դիմել թույլտվությունը չեղարկելու հայցով, սակայն պահանջը չի բավարարվել:

Քաղաքապետը հավաստիացնում է՝ թույլ չի տա 8-9 հարկանի շենքի շինարարություն այգու տարածքում: