Աղետի գոտու 90 տոկոսն ստուգված է

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, աղետի գոտում՝ Շովի հանգստավայրում, որոնողական աշխատանքները տասներեքերորդ օրն է ակտիվորեն շարունակվում են:

Ըստ հաղորդագրության, Օնիի մունիցիպալիտետի աղետի գոտում հրշեջներն ու փրկարարները հետևողականորեն որոնողական աշխատանքներ են իրականացնում ոչ միայն աղետի էպիկենտրոնում, այլ նաև Ռիոն և Ճանճախա գետերում:

«Այս պահին աղետի էպիկենտրոնում գտնվող ցամաքային զանգվածի 90 տոկոսը ստուգված է։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ծանր տեխնիկա և լողացող մեքենաներ։

Որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել է 25 մարդու դի, 8 հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք. օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել:

Ի դեպ, Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին հրավիրում է խորհրդարան՝ Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում ողբերգության հետ կապված հարցերին պատասխանելու։