Աշխատատեղեր՝ 200 հազար անապահով քաղաքացիների համար

Վրաստանում սոցիալապես անապահով 600 հազար քաղաքացիներից ավելի քան 200 հազարն աշխատունակ են: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետը հավելել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին կառաջարկվի այնպիսի աշխատանք, որի դիմաց վերջիններս ամսական 300 և ավել լարի աշխատավարձ կստանան։ 

Ղարիբաշվիլին հավելել է, որ նշված աշխատանքը չի հանգեցնի սոցիալական աջակցության դադարեցման, և որ սոցիալական աջակցություն ստացող ընտանիքը առաջիկա 4 տարիներին կշարունակի ստանալ և սոցիալական նպաստը, և 300 լարիի չափով աշխատավարձը։

«Շահառուն կշարունակի նպաստ ստանալ, անգամ, եթե չհամաձայնի առաջարկներից որևէ մեկին, բայց մեկ տարի անց ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը կվերստուգվի, ինչը, կարծում եմ, արդարացի է»,- ասել է Ղարիբաշվիլին։ 

Վարչապետի խոսքով՝ առաջին փուլում քաղաքապետարանները, ինչպես նաև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը մոբիլիզացնելու են մինչև 50 հազար թափուր աշխատատեղեր: Որոշ դեպքերում էլ թափուր աշխատատեղերի թիվը կարող է հասնել անգամ մինչև 100 հազարի։ 

Նշենք, որ աշխատանքի տեղավորման ծրագիրը մեկնարկելու է մարտի 1-ից։

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության մասին վարչապետ Ղարիբաշվիլին խոսել էր Վրաստանի կառավարության 2021 թվականի նոյեմբերի 22-ի նիստում։