Աշխատանքի տեղավորում՝ սոցիալական աջակցության փոխարեն․ Ղարիբաշվիլի

Նոյեմբերի 22-ի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ սոցիալապես անապահով քաղաքացիներին նպաստ տրամադրելու փոխարեն նրանց պետք է աշխատանք առաջարկել։ 

«Այսօր աշխատունակ, սոցիալապես անապահով խավը աշխատելու ցանկություն չունի՝ վախենալով, որ դրանից հետո պետությունը այլևս չի տրամադրի սոցիալական օգնությունը, չեն ձգտում բարելավել կենսապայմանները, ինչը աղետ է և անհանգստություն: Կառավարությունը պետք է համարձակ և արդյունավետ քայլեր ձեռնարկի, — նշել է Ղարիբաշվիլին։ 

Նրա խոսքով, կառավարությունը կստեղծի աշխատանքային խումբ, որը առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնի նոր ծրագիր՝ փոխելու գործող համակարգը։

«Պետք է համայնքային աշխատանքի ծրագիր ստեղծենք և սոցիալական աջակցության փոխարեն աշխատունակ քաղաքացիներին աշխատատեղեր տրամադրենք։ Մենք կարող ենք տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել պետության ողջ մասշտաբով», — հավելել է վարչապետը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր