Մետեխիի կամրջի վերանորոգումը կսկսվի հաջորդ շաբաթվանից

Թբիլիսիի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կսկսի վերանորոգել Մետեխի կամուրջը։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեն նշել է, որ կփոխարինվի կամրջի ասֆալտբետոնե ծածկը, կթարմացվեն մայթերը, որոնք սալիկապատված կլինեն բնական քարե սալիկներով։ Բացի այդ, նախատեսվում է ամրացնել և մշակել կառույցի ճակատներն ու կամարները։ Կամրջի վրայի թուջե ճաղավանդակները կթարմացվեն, սակայն դրանց արտաքին տեսքը չի փոխվի։

«Մեր մայրաքաղաքում կամուրջներ կան, որոնք ամբողջական վերականգնման կարիք ունեն։ Այս փուլում մենք սկսում ենք Մետեխիի կամրջից»,- ասել է Կալաձեն։

Ծրագրի արժեք կազմում է 2 մլն լարի (մոտ 670 հազար դոլար)։

Նշենք, որ վերանորոգման աշխատանքների պատճառով Մետեխի կամրջի վրա և հարակից տարածքում երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի։

Քաղաքի պատմական հատվածում գտնվող Մետեխի կամուրջը համարվում է Թբիլիսիի ամենահին կամուրջը։ Այն գտնվում է ժայռի ստորոտին, իսկ բարձունքում Մետեխի տաճարն է քաղաքի հիմնադիր Վախթանգ Գորգասալի թագավորի արձանը։

Նշենք նաև, որ Մետեխի կամուրջը մի քանի անգամ վերակառուցվել է։ Մինչև 1870 թվականն այնը փայտից է եղել։ Վերջին անգամ կամուրջը հիմնանորոգվել է 1951 թվականին։

2014 թվականին այն վերանվանվել է «100 հազար Սրբոց Նահատակների կամուրջ»։ Սակայն այս անվանումը չի արմատավորվել, և մինչ օրս բոլորը կամուրջն անվանում են «Մետեխի»։